Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ Լեհաստանի պաշտոնական դիրքորոշումը հիմնված է ՄԱԿ բանաձևերի վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպանը` ի պատասխան ԱրմԻնֆո-ի թղթակցի պաշտոնական հարցման:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, որ ԱՀ-ում Լեհաստանի դեսպանը, մասնավորապես, հայտարարել է. «Վերջին քառորդ դարում հենց Լեռնային ղարաբաղում է տեղի ունեցել մեկ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանի խախտում: Հենց այնտեղ է առաջին անգամ բռնկվել հակամարտություն, որը մինչ օրս կարգավորված չէ, տեղի է ունեցել, ըստ էության, եվրոպական տարածքի օկուպացում, որը շարունակվում է արդեն մեկ քառորդ դար: Դա, անշուշտ, եվրոպական քաղաքականության ցավոտ հարցերից մեկն է: Համենայն դեպս, այդպիսին է լեհական կողմի պաշտոնական դիրքորոշումը»: Նա նաև նշել է. «Ադրբեջանը տարածաշրջանի առաջատար երկիր է: Մենք պետք է նրա հետ ռազմավարական հարաբերություններ կառուցենք: Լեհաստանը միշտ կաջակցի Ադրբեջանի ինքնիշխանության և անկախության պահպանմանը»: Նրա ասելով, Լեհաստանը, որպես ԵՄ և ԵԱՀԿ անդամ, իր հնարավորությունների սահմաններում կնպաստի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը, օգտագործելով, իհարկե, քաղաքական և դիվանագիտական եղանակներ:
Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին նշել է, որ այլ դիվանագետների հայտարարությունների մեկնաբանումն իր իրավասությունից դուրս է:
«Կարող եմ միայն կրկին հայտնել Լեհաստանի պաշտոնական դիրքորոշումն այդ հարցի նկատմամբ: Այն հայտնի է և հիմնված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ բանաձևերի վրա: Լեհաստանը նաև գործուն կերպով աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, ակնկալելով, որ հակամարտությունը շուտափույթ խաղաղ լույծում կստանա», - ասվում է դիվանագետի պատասխանում:
Լեհ դիվանագետն ընդսմին նշել է, որ իր երկիրը ցանկանում է համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Այդ փոխգործակցության ռազմավարական բնույթը բխում է Արևելյան գործընկերության դերից Լհաստանի և Եվրամիության քաղաքականությունում:
«Հայաստանը, որպես մի երկիր, որն ունի զարգացած եվրոպական և քրիստոնեական ավանդույթներ և հաջողությամբ կառուցում է ժողովրդավարական ինստիտուտներ, անկասկած, մեզ համար ռազմավարական նշանակություն ունի», - եզրափակել է դիվանագետը: