Վերջին տարիներին Հայաստանում հասարակության շրջանում պլաստիկ վիրաբուժության տարածվածության միտում է նկատվում: Ինչո՞վ է դա պայմանավորված, և անցած տարիների համեմատ որքա՞ն հաճախ են մարդիկ սկսել դիմել վիրաբույժներին`իրենց արտաքինի շտկման նպատակով:
Մի քանի տարի առաջ պլաստիկ վիրաբույժին մարդկանց դիմելիության մակարդակը ավելի ցածր էր, քան այսօր: Դա պայմանավորված էր նախևառաջ ժողովրդի գիտակցական մակարդակով, իսկ այսօր մարդիկ ավելի ազատ են դրան վերաբերում: Օրինակ, եթե մի քանի տարի առաջ պլաստիկ շտկմանը դիմում էին հիմնականում կանայք, այն էլ`ոչ հաճախ, ապա այժմ գեղեցիկ երևալու ձգտումը չի շրջանցում նաև տղամարդկանց: Եթե նախկինում տղամարդիկ գալիս ասում էին, թե քիթն ուզում են վիրահատել, որ լավ շնչեն, ապա այսօր վիրահատում են, որպեսզի և’ լավ շնչեն, և’ ունենան գեղեցիկ արտաքին: Ըստ որում, հատկանշական է, որ մեզ ավելի շատ դիմում են ՙկարգավիճակով տղամարդիկ՚: Ըստ երևույթին, դա պայմանավորված է նրանց ֆինանսական բարեկեցությամբ, քանի որ պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանի նման երկրի համար դեռ թանկ հաճույք է: Եթե խոսում եմ տղամարդկանց մասին, արդեն պարզ է, որ պլաստիկ միջամտության համար դիմող կանաց թիվը մշտապես աճում է, քանի որ կինն ի սկզբանե կոչված է ավելի գեղեցիկ, ավելի հմայիչ լինելու:
Եթե համեմատենք պլաստիկ վիրաբույժին դիմելիության մակարդակը Հայաստանում և արտերկրում`կատարված վիրահատությունների հետ բնակչության թվի հարաբերակցությամբ, մենք փոքր-ինչ հե՞տ ենք մնում արտասահմանյան զարգացած երկրներից:
Կարող եմ ասել, որ ոչ: Հարաբերակցությունը գրեթե նույնն է:
Ի՞սկ արդյոք գոյություն ունի պլաստիկ միջամտությունների տղամարդկանց և կանանց դիմելիության վիճակագրությունը Հայաստանում:
Տասը տարի առաջ կին-տղամարդ դիմելիության փոխհարաբերակցությունը 8:1-ի էր, այսինքն` հիմնականում դիմում էին կանայք : Բայց տասը տարվա ընթացքում վիճակագրությունը կտրուկ փոփոխություն է կրել. եթե դեռ երեք տարի առաջ 6:4 կամ 7:3-ի հարաբերակցությունն ունեինք, ապա այսօր արդեն վստահորեն կարելի է պնդել, որ կանայք և տղամարդիկ հավասար դիրքերից են հանդես գալիս գեղեցկանալու համար մղվող պայքարում.
Իսկ ի՞նչ խնդիրներով են Ձեզ հաճախ դիմում հիվանդները:
Իհարկե, հիմնականում պլաստիկ վիրաբույժին դիմում են քթի վիրահատության համար, ըստ որում`ռինոպլաստիկան հավասարաչափ առաջատար է թե’ կանանց, թե’տղամարդկանց շրջանում: Կարծիք կա, թե ռինոպլաստիկան հատկապես ակտուալ է Հայաստանում, որովհետև հայերը գենետիկորեն այդ խնդիրն ավելի շատ ունեն, քան մյուս ազգերը: Բայց դա այդպես չէ. ռինոպլաստիկան առաջատար է նաև արտերկրում: Դիմում են նաև կրծքի, հետույքի վիրահատության, լիպոսակցիայի և փորի պլաստիկայի համար:
Ինչպիսի՞ պլաստիկ միջամտություններ են տարածված տղամարդկանց և ինչպիսի՞ կանանց շրջանում:
Կանանց դիմելիությունը հիմնականում կապված է դեմքի տարբեր պլաստիկ միջամտությունների հետ, այդ թվում նաև` ինյեկցիոն, որոնք բերում են երիտասարդացման. բոտեքսի և այլ դեղամիջոցների կիրառումը հանգեցնում է դեմքի մաշկի թարմեցման, կնճիռների հարթեցման, այլ խնդիրների վերացման: Ուշագրավ է, որ վերջին տարիներին այս խնդիրներով պլաստիկ վիրաբույժին դիմելու առումով կանանց չեն զիջում նաև տղամարդիկ… բայց ավելի հաճախ դա կրում է գաղտնի բնույթ` երբեմն նույնիսկ սեփական կնոջից, աշխատողներից և այլն:
Իսկ ի՞նչ կասեք պլաստիկ վիրաբուժության ոլորտում առաջարկվող ծառայությունների որակի մասին, արդյո՞ք մեր բժիշկները զիջում են օտարերկրյա իրենց գործընկերներին:
Քթի վիրահատությունը բավականին զարգացած է Հայաստանում, փորձի ավելացումը դրական ազդում է դիմելիության վրա, այնպես որ` մեր մասնագետները այս ոլորտում ոչնչով չեն զիջում արտասահմանցի իրենց գործընկերներին:
Իսկ ի՞նչ կասեք ֆինանսական բաղադրիչ մասին: Դուք ասում եք, որ պլաստիկ միջամտությունների դիմողների թիվն աճում է`երկրում ոչ այնքան բարենպաստ սոցիալ-տնտեսական իրավիճակի պայմաններում, և դա հաշվի առնելով, որ պլաստիկ վիրահատությունները բավական թանկ արժեն:
Արդեն ասացի, որ մեզ ավելի շատ դիմում են նյութապես ապահով մարդիկ, բայց վերջին ժամանակներս նկատվում է նաև միջին խավի ներկայացուցիչների դիմելիության միտում: Գեղեցիկ երևալու ձգտումը հաճախ ստիպում է նրանց խնայողությունների գնալ`պլաստիկ վիրաբույժին դիմելու նպատակով:
ի՞նչն է ստիպում մարդկանց դիմել պլաստիկ վիրաբույժին, արդյո՞ք միայն գեղեցիկ արտաքին ունենալու ցանկությունը, թե՞ նաև հոգեբանական խնդիրներն են գլուխ բարձրանում:
Գոյություն ունի ՙդիսմորֆոֆոբիա՚ հիվանդություն, երբ մարդուն թվում է, որ իրենց մոտ միշտ ինչ-որ բան թերի է, անկախ արդյունքներից ու նրանք սկսում են դիմել տարբեր բժիշկների: Բայց ավելի հաճախ դիմում են նրանք, ում անձնական կյանքը ձախողվել է, ընտանեկան կյանքում կան խնդիրներ կամ նա չի հասել ինչ-որ բաղձալի կարգավիճակի աշխատանքում ու այդ ճանապարհով են փորձում ձեռք բերել վստահություն. Որպես պլաստիկ վիրաբույժ` ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ միշտ չէ, որ արտաքինը ճանապարհ է հարթում դեպի հաջողություններ կյանքի տարբեր ասպարեզներում: Բայց և մինշանակ է, որ արտաքինի շտկումը, թերությունների հարթումը մարդկանց անխոս ինքնավստահություն է ավելացնում, մեծ քթով ու մեծ շուրթերով աղջիկը կարող է ավելի երջանիկ լինել, քան գեղեցիկ արտաքինով կինը, ով փայլում է իր գեղեցկությամբ:
Եվ վերջին, ամենակարևոր հարցը, որ վերաբերում է կոսմետիկ ներարկումներին ու մեզանում ևս այդքան տարածում գտած բոտեքսին` որքանո՞վ են դրանք անվտանգ և արդյոք հակացուցումներ չկան.
Ինչ վերաբերում է բոտեքսին, ապա առանձնահատուկ ցուցումներ չկան, թերևս միայն այն, որ ներարկումներից ցանկալի է զերծ մնալ ալերգիկները, շաքարային դիաբեթով հիվանդներն ու հղիները: Միակ իմ հորդորը, խորհուրդը ու, ինչու չէ, խնդրանքն այն է, որ ներարկումները կատարվեն բժշկական հաստատություններում և ոչ թե կոսմետիկ սրահներում, քանի որ դեղամիջոցը կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, մինչև վտանգավոր այտուցվելը, իսկ նման դեպքերում անհրաժեշտ է շտապ բժշկական միջամտություն, որը հասանելի չէ գեղեցկության սրահներում: