Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունը Հայաստանի իրավապահ մարմինների հետ համատեղ շարունակում են ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պայմանագրային զինծառայող, ՀՀ 26-ամյա քաղաքացի Արթուր Աֆյանի որոնումները:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի քարտուղար Սերգեյ Գրեչինը, Աֆյանի որոնումները սկսվել են փետրվարի 21-ին` այն բանից հետո, երբ սահմանապահի կինը հայտնել է, որ նա տուն չի վերադարձել:
ՙԱֆյանն աշխատանքի չի ներկայացել հանգստյան օրերից հետո: Փետրվարի 21-ին, երբ նա տուն գնաց, ամեն ինչ կարգին էր: Այժմ որոնողական աշխատանքներ են իրականացվում՚,- նշել է Գրեչինը: Ինչպես ավելի վաղ հայտնել է Galatv-ն, զինծառայողի անհետացման մասին ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել վերջինիս կինը, երբ նա տեւականորեն չի պատասխանել հեռախոսազանգերին: Կինը ներկայացրել է, որ փետրվարի 21-ի առավոտից հետո նա Արթուրի մասին տեղեկություններ չունի: Արթուր Աֆյանի կինը ներկա պահին հայրական տանն է՝ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում: Նա ամուսնու հետ զրույցի ժամանակ հասկացել է, որ ամուսինը Գյումրիում իրենց վարձակալած բնակարանից դուրս էր գալու, որպեսզի մեկներ Մարմաշեն: