ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանը չի կարողացել հերքել կամ հաստատել իր առևանգման ու ծեծի կազմակերպմանն իր իսկ կուսակից Աբրահամ Մանուկյանի մեղասկցության վերաբերյալ տեղեկատվությունը:
Նրա ասելով, բնական է, որ նախաքննությունը կուսումնասիրի տարբեր վարկածներ, որոնցում կարծարծվեն այս կամ այն անձանց անունները, սակայն անկախ կուսակցական պատկանելությունից, հանցագործը պետք է պատժվի: «Չեմ կարող հերքել կամ հաստատել քննության վարկածները, սակայն ստույգ կարող եմ ասել, որ ինձ ծեծի են ենթարկել ոչ Աբրահամ Մանուկյանին պատկանող պահեստում, երբ քննչական միջոցառումների ընթացքում ինձ այդ վայրը ցույց տվեցին, ես դրանում համոզվեցի», - նշել է նա: Ընդ որում Խաչատրյանը նշել է, որ իր ցուցմունքներում ընդամենը նկարագրել է սենյակը, որտեղ իրեն իրեն պահել են ու ծեծի ենթարկել, և ասել, որ այդ վայրի բակում ծառ է եղել: Նա բացառել է անձնական դրդապատճառներով հանցագործության վարկածը:
Փետրվարի 14-ին Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ նույն օրը խուզարկություն էր իրականացրել նախկին «Հայկոպի» տարածքում, որը պատկանում է «Քաղաքային ունիվերսալ բազա» ձեռնարկությանը: Վերջինի սեփականատերը ԲՀԿ պատգամավոր Աբրահամ Մանուկյանն է: Խուզարկությանը ներկա է եղել նաև տուժած Արտակ Խաչատրյանը: Համադրելով հանցագործության վայրի Խաչատրյանի նկարագրությունը և նախաքննության ունեցած տվյալները` քննությունը պարզել է հանցագործության ենթադրյալ վայրը:
Հիշեցնենք, որ Արտակ Խաչատրյանին առևանգել էին փետրվարի 7-ին` դիմակավոր անձինք: Որոշ ժամանակ անց ծեծված ու արնաշաղախ ակտիվիստին գտել էին նրա բնակարանի մոտ: Միջադեպի առնչությաբ հարուցվել է քրեական գործ: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 100 հազար դոլար է խոստացել արժեք ներկայացնող տեղեկատվության համար, որը կնպաստի ակտիվիստի առևանգման և ծեծի կազմակերպիչների հայտնաբերմանը: