Ոչ մինչև ապրիլի 24-ը հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելը պայմանավորված է, մասամբ, Հայաստանի ներքաղաքական իրավիճակով: Փետրվարի 17-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«Հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելը կանխատեսելի քայլ է», - նշել է քաղաքագետը, հավելելով, որ այդ ուղղությամբ Հայաստանի վերջին գործողությունները պայմանավորված էին նաև Սփյուռքի և ՀՅԴ դիրքորոշմամբ: Այդ համատեքստում նա նշել է, որ Ներքաղաքական ճգնաժամի շրջանում ՀՅԴ աջակցությունը ցանկալի կլիներ Սերժ Սարգսյանի համար:
Միևնույն ժամանակ քաղաքագետը համոզված է, որ Թուքիան, այսպես թե այնպես, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին շահարկումների համար արձանագրություններն օգտագործելու առիթը բաց չէր թողնի, և հետ չկանչված արձանագրությունները մեծ վտանգ էին թաքցնում: «Կարծում եմ, որ այս դեպքում ընտրությունը կատարվել է չարիքների փոքրագունի սկզբունքով», - եզրափակել է փորձագետը:
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 16-ին նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:
«Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը», - ասվում է նամակում: Փաստաթղթերն ստորագրվել էին 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: