ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում Ադրբեջանի իրավիճակին նվիրված լսումներ են տեղի ունեցել: Պաշտոնական Բաքուն կրկին քննադատության է ենթարկվել քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների և մամուլի ազատության սահմանափակումների համար, հայտնում է Turan-ի թղթակիցը:
ՙՌուսաստանի և Իրանի միջև ՙսանդվիչի՚ վիճակում և բարդ հարևանության մեջ գտնվելը չի նշանակում, թե Ադրբեջանին ներվելու են իրավունքների խախտումները՚,- հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի գծով ենթակոմիտեի նախագահ Դանա Ռորաբահերը: Անդրադառնալով Ադրբեջանում ԱՄՆ շահերին`նա նշել է, որ ՙԲաքվում Ազատություն ռադիոկայանի գրասենյակի զավթումը, ինչպես և լրագրողների ձերբակալություններն անթույլատրելի են: Նման քայլերով Ադրբեջանի իշխանությունները սահմանափակում են մամուլի ազատութունը և հասարակական բանավեճերը՚:
Մասաչուսեթից կոնգրեսական Վիլյամ Քիթինգը նույնպես քննադատել է Բաքվում լրագրողների ձերբակալությունները`նշելով հակաամերիկյան արշավի անթույլատրելիությունը: ՙԱյդ ամենը լուրջ հարցեր ու մտահոգություններ են առաջացնում Ադրբեջանի իշխանությունների ծրագրերի ու մտադրությունների առնչությամբ: Մասնավորապես`ցանկանու՞մ են արդյոք նրանք ԱՄՆ գործընկերը լինել: Այդ պատճառով Օբամայի վարչակազմը պետք է հստակ ընդգծի այդ մտավախություններն Ալիևի կառավարության հետ իր շփումներում՚,- ավելացրել է նա:
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչն ասել է, որ շատերն են նկատել Ադրբեջանում ամերիկացիների և ԱՄՆ նկատմամբ բացասական միտումները 2013 թ. նախագահական ընտրություններից հետո: ՙԶգալիորեն փոխվել է աշխարհաքաղաքական և գլոբալ էներգետիկ իրավիճակը: Այդ պատճառով Ադրբեջանի, ինչպես և Կասպյան տարածաշրւանի դերը և նշանակությունն արդեն այդքան էլ կարևոր չեն ԱՄՆ էներգետիկ անվտանգության հարցում՚,- ընդգծել է Կոզլարիչը: Նա ԱՄՆ վարչակազմին կոչ է արել երկկողմ հարաբերությունների հստակ նպատակներ սահմանել`ՙվերացական ռազմավարական գործընկերության փոխարեն՚: Դրանց թվում նա նշել է` լուրջ համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և երկու երկրների միջև ժողովրդական դիվանագիտության վերականգնման նպատակով; Բաքվի իրական քայլերը ժոցովրդավարության և մարդու իրավունքների միջազգայնորեն ճանաչված չափանիշների պահպանման ուղղությամբ; ավելի քան 90 քաղբանտարկյալի ազատ արձակումը, լիբերալ-դեմոկրատական ուժերի նկատմամբ ճնշումների դադարեցումը 2015 թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին և դրանց ընթացքում: ՙԵթե առաջընթաց չլինի և ազատ չարձակվեն քաղբանտարկյալները, ԱՄՆ կառավարությունը պետք է քննարկի պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը, ովքեր պատասխանատու են ոչ կառավարական կազմակերպությունների, քաղաքացիական ակտիվիստների և մամուլի ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումների և ձերբակալությունների համար՚,- ընդգծել է Կոզլարիչը: