Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի պատանդն է, որը գործում է ՄԱԿ-ի մանդատով, սակայն չի կատարում ՄԱԿ ԱԽ բանաձևերը: Ըստ «Թուրանի»` այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն` Բաքվում Հումանիտար հետազոտությունների միության կազմակերպած «ԵԱՀԿ Մինսկի խումբը. անհուսալիություն կամ մանդատի սահմանափակում» կլոր սեղանի ժամանակ:
Փորձագետները կարևոր են համարում Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ձևաչափի և կազմի փոփոխումը: Մասնավորապես, ադրբեջանցի փորձագետներն անհրաժեշտ են համարել Գերմանիայի և Թուրքիայի ներկայացուցչությունը ԵԱՀԿ ՄԽ-ում:
«ԵԱՀԿ ՄԽ գործունեւոթյունը նպատակաուղղված է միայն պատերազմի վտանգի նվազեցմանը», - հայտարարել է մեկ այլ փորձագետ` Իլգար Վելիզադեն: Նրա կարծիքով, Մինսկի խումբն ի զորու չէ փոխել գոյություն ունեցող ստատուս-քվոն:
Սակայն մի շարք փորձագետներ կարծում են, որ ՄԽ ձևաչափի փոփխությունը ոչինչ չի տա: «Մինսկի խումբը կառավարում են երեք երկրներ` ԱՄՆ, Ֆրանսիան և Ռուսաստանը: Եթե այդ երկրները կարգավորում չեն ուզում, ապա ձևաչափի փոփոխությունն ու համանախագահների թվի ավելացումն անիմաստ են», - ասել է խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: «Կազանում նախագահների հանդիպումից հետո (2011 թվականի հունիս) չկան նաև նոր առաջարկություններ: Այժմ ընթանում են ոչ թե բանակցություններ, այլ` խոսակցություններ», - նշել է քաղաքագետը:
Իսկ քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն կարծում է, որ Հայաստանը վայելում է համանախագահող երկրների աջակցությունը: «Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է ռազմական օգնություն, Ամերիկան` ֆինանսական, Ֆրանսիան` քաղաքական: Իսկ Ադրբեջանին առաջարկում են գնալ Հայաստանի հետ փոխզիջման», - ասել է Ալիզադեն: «Միջազգային իրավունքը` դա ՄԱԿ բանաձևրեն են: Երկրի ներսում` ընտրական իրավունքների, մարդու ազատությունների ճանաչումը: Չի կարելի հաղթել, հանձնելով հայրենի հողերը, և Բաքվում զբաղվել նավթի ու գազի առևտրով: Չի կարելի Ղարաբաղն ազատագրել ներկայիս տեղեկատվական քաղաքականությամբ, ադրբեջանական հեռուստատեսության ներկայիս ծրագրերով: Ադրբեջանը չի ցանկանում հակամարտության կարգավորում: Եթե դա այդպես լիներ, ապա ՈԿԿ-ին չէին ճնշի», - ասել է Ալիզադեն: