Պերմյակովի ձերբակալությունից 2 ժամ առաջ մենք տեղեկություն ստացանք, որ նա գտնվում է հայ-թուրքական սահմանի վրա: Այս մասին հունվարի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Այնտեղ ուղարկվեց 35 հոգուց բաղկացած մեր խումբը, որն ուսումնասիրեց տարածքը և զգուշացրեց սահմանապահներին: Ինձ համար նշանակություն չունի, թե հատկապես ով է բռնել հանցագործին, իսկ մնացածն արդեն իմ կոմպետենտությունից դուրս էր»,-ասել է Գասպարյանը:
Խոսելով հանցագործության մասրն, Ոստիկանապետը նշել է, որ անհրաժեշտ է ստանալ հետևյալ հարցերի պատասխանները`օրինակ, ինչպես և ինչո՞ւ է Պերմյակովն իր անվամբ հաշվառված սապոգները թողել սպանության վայրում:
Գասպարյանն անդրադարձել է նաև Գյումրիում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների իրականացրած գործողություններին: Նրա խոսքով, իրավապահները պատասխան միջոցառումներ չեն ձեռնարկել, չնայած, որ ավելի քան 40 րոպե գտնվել են ցուցարարների հարվածների ներքո: «Հունվարի 15-ին մենք ցուցաբերեցինք առավելագույն հանդուրժողականություն»,-հայտարարել է նա:
Նա գնահատականեր է տվել նաև Ազատության հրապարակում ոստիկանության իրականացրած գործողություններին, նշելով, որ բոլոր մասնակիցները բերման ենթարկվեցին, քանի որ տեղեկություն ստացվեց, որ ցուցարարներից մեկի մոտ զենք կա: Դրանով, ինչպես արտահայտվել է Գասպարյանը, հաջողվեց կանխել հանցագործությունը: