2015 թվականի փետրվարի 6-ից «Նաիրիտ» գործարանի 1700 աշխատակից կկորցնի իր աշխատանքը և կհամալրի մեր երկրի բազմահազարանոց գործազուրկների շարքը (400-500-ը կշարունակեն աշխատել): 2014 թվականի դեկտեմբերի 2-ից ընկերության բոլոր աշխատողներին բաժանվել են ծանուցագրեր:
Հունվարի 16-ին «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ կոլեկտիվի կողմից լիազորված համակարգող խմբի անդամները տարածել են Հայաստանի նախագահին հղված բաց նամակ, որում նշել են, թե հասկանում են կրճատումների անհրաժեշտությունը, սակայն չեն կարող հաշտվել այն մտքի հետ, որ իրենց աշխատավարձի 18 ամսվա պարտքի հարցը «անլուծելի» է հայտարարվել, ինչը հանրապետության աշխատանքային օրենսդրության խախտում է:
«ՀՀ կառավարությունն, ի դեմս Նաիրիտ-2 ՓԲ ընկերության, որի 100% սեփականատերն է, Նաիրիտ Գործարան ՓԲԸ-ին պարտք է 4 մլրդ 150 մլն դրամ դեռևս 2004թ-ից: Այս մասին վերաքննիչ դատարանի օրինական վճիռը ուժի մեջ է մտել 2009թ.: Բացի այդ, Նաիրիտ ԲԲԸ, որ նույնպես պետական ձեռնարկություն է, տարիներ ի վեր Նաիրիտ գործարան ՓԲԸ-ին պարտք է մոտ 900 մլն դրամ: Այսպիսով, ՀՀ կառավարությունը գործարանին, փաստորեն, տարիներ շարունակ պարտք է մոտ 5 մլրդ դրամ, որը կարելի էր ուղղել Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձի պարտքի մարմանը: Սակայն, ՀՀ կառավարությունն այս փաստը ոչ մի կերպ դիտարկել-քննարկել չի ցանկանում…
Ի վերջո, ՀՀ կառավարությունը, հանդիսանալով ընկերության 10%-ի բաժնետեր, Նաիրիտի վերաբերյալ բոլոր որոշումների կայացմանը մասնակցություն է ունեցել, սակայն Նաիրիտում որևէ ներդրում չի արել: Սա ևս հիմք է, որ կառավարությունը, իր 10%-ի չափով, ստանձնի Նաիրիտի այս պահի անվճարունակության պատասխանատվությունը և ընդհանուր պարտքերի գոնե մի մասի մարման պարտավորությունը, այն է` վճարի աշխատակիցներին աշխատավարձերի պարտքը: Եվ, կարծում ենք, բոլորովին էական չէ, թե որ անհատն է այս կամ այն պահին ղեկավարում կառավարությունը. նա հանդիսանում է իր նախորդի իրավահաջորդը և նախորդ կառավարության ցանկացած խնդիր նաև իր խնդիրն է ու լուծում է պահանջում: Լուծում, որ չպետք է լինի մարդու իրավունքների և երկրում գործող օրենսդրության ոտնահարման հաշվին…
Հուսալքված, գործազրկության շեմին կանգնած նաիրիտցիները, երկրի գործադիր իշխանության հետ մի շարք անարդյունք հանդիպումներից հետո, այլ ելք չեն տեսնում, քան բողոքի տարաբնույթ ակցիաների ձևով, որոնցից մեկն էլ այս նամակն է, Ձեր և հանրության ուշադրությունը սույն <գորդյան հանգույցի> վրա բևեռելը և դրական լուծում ակնկալելը: Անհրաժեշտ <մեկ հարվածը> աշխատավարձի պարտքի մարումն է, ինչը նաիրտցիներին զերծ կպահի ծայրահեղ միջոցների դիմելուց», - ասվում է ՀՀ նախագահին հղված բաց նամակում:
Նամակի հեղինակները կարծում են, որ ժողովրդավարություն հռչակած պետության ղեկավարությունը պետք է ամեն ինչ անի իր քաղաքացու հիմնարար իրավունքի` աշխատանքի և դրա դիմաց վարձատրություն ստանալու իրավունքի, պաշտպանության համար: «Մենք ակնկալում ենք, որ այս խնդիրը կլինի Ձեր անմիջական հսկողության և ուշադրության կենտրոնում և մինչև փետրվարի 6-ը կստանա իրավական-օրինական լուծում», - ասվում է նամակում:
Հիշեցնենք, որ գործարանը պարապուրդի է մատնված 2010 թվականի ապրիլից: ՙՆաիրիտ՚ գործարանի բաժնետոմսերը գրավադրվել են Միջպետական բանկի 70 մլն դոլարի վարկի դիմաց, որը տրամադրվել էր 2006 թվականին 5 տարի ժամկետով, 12,5 տոկոս տարեկան տոկոսադրույքով: 2006 թվականին «Նաիրիտ՚ գործարանի բաժնետոմսերի 89,999 %-ը վաճառվել էր բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին: Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը պատկանում է 4,496%, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին (ներկայում` «Գազպրոմ Արմենիա»)` 3,596%-ը «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ին` 1,907%: