ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել հնարավորինն անել ղարաբաղյան հակամարտության գոտում նոր սադրանքներից և հրադադարի ռեժիմի խախտումից խուսափելու համար:
Իր հայտարարությունում նա խորին մտահոգություն է հայտնել ղարաբաղյան ուղղաթիռի ոչնչացման, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման հետևանքով բազմաթիվ մարդկային կորուստների առնչությամբ: Նա կողմերին կոչ է արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և հարգել վստահության ապահովման գծով ավելի վաղ ստանձնած պարտավորությունները:
Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական ԶՈՒ խոցել են ՄԻ-24 հայկական ուղղաթիռը, որն ուսումնվարժական թռիչք էր իրականացնում: Ուղղաթիռում եղել է Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ երեք սպա: Ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: