Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները «WTM-Excel London- 2014» ցուցահանդեսի փակման ժամանակ ադրբեջանական դրոշներով փակել են Լեռնային Ղարաբաղի տաղավարի մուտքը

$
0
0

Հերթական ադրբեջանական սադրանքն է արձանագրվել  «WTM-Excel London-2014» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի փակման արարողության ժամանակ:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսի աշխատանքների երկրորդ և  վերջին օրերին մի խումբ ադրբեջանցի երիտասարդներ դրոշներով շրջապատել են Արցախի տաղավարը և փորձել խափանել պատվիրակության աշխատանքները՝ փակելով մուտքը դեպի ԼՂՀ տաղավար: Հատկանշական է, որ «ցուցարարների» մեջ եղել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներ: ԼՂՀ և ՀՀ պատվիրակությունների ջանքերի շնորհիվ սադրանքը կասեցվել է. կարճ ժամանակ հետո անվտանգության աշխատակիցները դուրս են բերել ադրբեջանցի կարգազանց երիտասարդներին:

 

Ըստ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի, ով ղեկավարում էր Արցախի պատվիրակությունը Լոնդոնի ցուցահանդեսում, վերջին շրջանում միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում ադրբեջանցիների նման սանձազերծ պահվածքը պայմանավորված է գլխավորապես ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում Ադրբեջանի կողմից նախաձեռնված հակահայկական բանաձևի ձախողմամբ: Խոսքը վերաբերում է ս.թ. հոկտեմբերին Սամարղանդում նշյալ կառույցի գործադիր խորհրդի նիստում Ադրբեջանի նախաձեռնած «Օկուպացված տարածքներում զբոսաշրջության քարոզչությունը կանխելու մասին»  բանաձևին, որը չի ընդունվել ոչ մի երկրի կողմից: «Իսկ ադրբեջանական ցույցերը նպատակ են հետապնդում ֆիզիկապես անհնար դարձնել ԼՂՀ մասնակցությունը միջազգային խոշոր ցուցահանդեսներին, սակայն ապարդյուն»,- նշել է Սերգեյ Շահվերդյանը:

 

«WTM-Excel London-2014» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում ԼՂՀ պատվիրակությունն իրականացրել է լայնածավալ քարոզչություն՝ Արցախի զբոսաշրջային ներուժը ներկայացնելով բրիտանական տուրիստական շուկայում: Բացի տեղեկատվական նյութեր տարածելուց, պատվիրակությունը կազմակերպել է գինու համտես, ինչպես նաև ավանդական ուտեստների հյուրասիրություն՝ բազմապատկելով Արցախի տաղավարի այցելուների թիվը:

 

«World Travel Market»  միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը համարվում է խոշորագույն տուրիստական իրադարձություն, որի ժամանակ հազարավոր ընկերություններ և աշխարհի գրեթե բոլոր երկրները ներկայացնում են զբոսաշրջության ոլորտում իրենց ներուժն ու ձեռքբերված հաջողությունները: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles