Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի 2007 թ. Մադրիդյան սկզբունքների շրջանակներում, որոնք ենթադրում են Լեռնային Ղարաբաղի շրջակա ՙօկուպացված տարածքների՚ վերադարձ, փախստականների` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում` իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով, իսկ մինչ այդ Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրում, որն առնվազն կապահովի վերջինիս անվտանգությունը և ինքնավարությունը: Այդ մասին Բաքվում ադրբեջանցի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնը, հայտնում է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատունը`ի պատասխան ԱրմԻնֆո-ի հարցմանը:
Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներն աղավաղել են բրիտանացի նախարարի խոսքը`հայտնելով, որ Լիդինգտոնն, իբր, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի շրջակա ՙօկուպացված տարածքները՚ և Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտության մասին:
Այնուհետև բրիտանացի նախարարն ընդգծել է, որ պետք է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինով ցամքային միջանցք ապահովվի: Ըստ որում, նա ընդգծել է, որ ամբողջ Լաչինի շրջանը չի կարող գտնվել հայկական կողմի վերահսկողության ներքո: ՙՊետք է ստեղծվեն նաև անվտանգության միջազգային երաշխիքներ`ներառյալ խաղաղապահ գործողությունների իրականացումը՚,- հայտարարել է Լիդինգտոնը:
Ըստ որում, նա նշում է, որ հիմնախնդրի վերջնական լուծում կարող է ձեռքբերվել միայն հակամարտության կողմերի միջև: ՙՍակայն, թե’ Հայաստանի, թե’ Ադրբեջանի իշխանություններն իրենց հասարակություններին խաղաղության համաձայնագրի չեն նախապատրաստում՚,- նշում է բրիտանացի նախարարը`ավելացնելով, որ Միացյալ Թագավորությունն արդեն 2 մլն եվրո է տրամադրել կողմերին` հակամարտող կողմերի հասարակությունների միջև շփումների հաստատման ծրագրերի իրականացման նպատակով: Եվս 6 մլն կտրամադրի Եվրամիությունը:
Լիդինգտոնն ընդգծել է ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման կարևորությունը`հետագա մարդկային կորուստները բացառելու և Հարավային Կովկասի զարգացման նպատակով: