Դիլիջանում բացվել է UWC ցանցի միջազգային դպրոց: Այն UWC ցանցի առաջին միջազգային դպրոցն է Արևելյան Եվրոպայում: Հոկտեմբերի 11-ին կայացած բացման արարողությանը ներկա են գտնվել նախագահ Սերժ Սարգսյանը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, դպրոցի հիմնադիր գործընկերները, ինչպես նաև շուրջ հազար հյուրեր, հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը:
UWC Dilijan College-ը մասշտաբային բարեգործական նախաձեռնություն է: Դպրոցի կառուցման ծախսերը, որն իրականացվում բացառապես բարերարների միջոցներով, բացման պահին հասել են 115 մլն դոլարի: Երկրորդ հերթի շինարարության արժեքը գնահատվում է 75 մլն դոլար: Նախատեսվում է, որ ամբողջ ընթացքում նախագծի հավելյալ ծախսը /հողատարածքի գնում, ճարտարապետաինժեներական աշխատանքներ և ենթակառուցվածքների զարգացում/ կկազմի շուրջ 30 միլիոն դոլար: Դպրոցի օպերացիոն բյուջեն մոտակա 5 տարիներին միջինում կկազմի տարեկան 8 միլիոն դոլար: 2023 թ. քոլեջը, որում հիմա սովորում է աշխարհի շուրջ 50 երկրից 96 աշակերտ, կհասնի նախագծային հզորության, և սովորողների ընդհանուր թիվը կհասնի 650-ի: Դասավանդողների քանակը կգերազանցի 60-ը:Ինչպես և UWC մյուս քոլեջներում, UWC Dilijan-ում դասավանդումն իրականացվում է անգլերենով` IB Diploma ծրագրով: Ավելացնենք, որ քոլեջում սովորում է Հայաստանից 10 ուսանող: Քոլեջը բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի ու նրանց գործընկերների` մի շարք անհատների և կազմակերպությունների համատեղ նախագիծն է: UWC Դիլիջան քոլեջը դարձել է նախկին ԽՍՀՄ տարածքում UWC ցանցին պատկանող առաջին միջազգային քոլեջը: Ինչպես լրագրողներին ասել է Ռուբեն Վարդանյանը, նախագիծը կարևոր է ոչ միայն Հայաստանի համար: ՙՀուսով ենք, որ դպրոցը համաշխարհային նոր չափանիշների օրինակ կհանդիսանա կրթության ոլորտում՚,- ասել է նա: Վարդանյանը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր հավատացել են նախագծի իրականացմանը: