Ստորագրելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման վերաբերյալ պայմանագիրը`նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ինքնիշխանությունն այդ խիստ կասկածելի կառույցի պատանդ դարձրեց, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Այսուհետ երկրի ապագան մշուշոտ է, իսկ սպառնալիքները`մեծ: ՙԱյժմ ոչ ոք հաշվի չի նստի Երևանի շահերի հետ, բայց ամենամեծ օգուտը կունենա Ռուսաստան, որը ղարաբաղյան հարցը կօգտագործի Հարավային Կովկասում ազդեցությաբն ընդլայնման համար՚,- ընդգծել է նա: Ըստ որում, քաղաքագետը նշել է, որ Մոսկվան հնարավոր և անհնար բոլոր միջոցներով կձգտի Բաքվին ներգրավել ԵԱՏՄ:
Փորձագետն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագրում առկա է ՙականապատ՚ կետ`կապված հայ-արցախյան սահմանին մաքսակետ տեղադրելու հետ: ՙԿողմերը, ըստ երևույթին, հաշվի չեն առել այդ կետի լրջությունը, հնարավոր է, նույնիսկ ինչ-որ մակերեսային պայմանավորվածությունների են հանգել, սակայն շուտով պայթյուն կլինի, քանի որ հայկական կողմը երբեք չի համաձայնի նման պայմանի՚,- ընդգծել է նա:
Սաֆարյանը նշել է, որ իրեն զարմացնում է ընդդիմության կողմից իշխանությունների այդ հակապետական որոշման անտեսումը: ՙԵթե այսպես շարունակվի, շուտով Կրեմլը Հայաստանի համար մարզպետ ընտրելու համար քասթինգ կանցկացնի՚,-ասել է նա:
Նշենք, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները հոկտեմբերի 10-ին ստորագրել են ԵԱՏՄ-ին Հայաստանի միացման վերաբերյալ պայմանագիրը: