Հայաստանի խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խոսնակ Գալուստ Սահակյանին մեղադրում է իր գործունեությանը խոչընդոտելու համար:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հաղորդագրությունում նշվում է, որ նման մեղադրանքի համար առիթ է դարձել այն հանգամանքը, որ ԱԺ խոսնակը հրաժարվել է շրջանառության մեջ դնել Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի (հանրությանը առավել հայտնի Լիսկա մականվանմբ) մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարության նախագիծը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի և 104.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի հայտարարություններն ընդունվում են Ազգային ժողովի որոշման ընդունման համար «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 52-րդ հոդվածներով սահմանված կարգով: Համաձայն «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Ազգային ժողովի նախագահը ներկայացված նախագիծը երկօրյա ժամկետում դնում է շրջանառության մեջ՝ այն ուղարկելով՝ աշխատակազմ, հանձնաժողովներ, խմբակցություններ և պատգամավորական խմբեր: Այսինքն, ըստ հիշյալ հոդվածի, Ազգային ժողովի նախագահը սույն հայտարարությունն ամենաուշը հոկտեմբերի 2-ին պետք է դներ շրջանառության մեջ: Ըստ այդմ՝ նախագիծը պետք է գրանցվեր աշխատակազմի կողմից Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցերի ռեեստրում և տեղադրվեր Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում: Սակայն մինչ օրս հայտարարության նախագիծը չի դրվել շրջանառության մեջ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտարարում եմ, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խոչընդոտում է իմ՝ որպես ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի լիազորությունները: Խնդրում եմ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ սույն դիմումին, միջոցներ ձեռնարկել՝ վերականգնելու իմ իրավունքները և պատասխանատվության կանչել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին», - ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանինն ուղղված Զարուհի Փոստանջյանի դիմումում: