Հոկտեմբերի 2-ին փակվեց ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող ՙԱրմենիա՚ ֆիրմային գնացքի 2014 թ. ուղևորափոխադրումների սեզոնը: Հունիսի 15-ին բացված սեզոնի ընթացում փոխադրվել է 46 378 ուղևոր, ինչը համապատասխանում է 2013 թվականի ցուցանիշին: Այս տարի կտրուկ աճել են տոմսերի ինտերնետ վաճառքի տեմպերը՝ վաճառվել է Երևան-Բաթումի-Երևան գնացքի 481 էլեկտրոնային տոմս, ինչը 2,5 անգամ գերազանցում է 2013-ի ցուցանիշը: Այս տարի ՀԿԵ-ն շարունակել է լայնացնել գնացքում մատուցվող ծառայությունների շրջանակը: Մասնավորապես, ննջավագոններում և բարձր հարմարավետությամբ կուպեներում ուղևորներին անվճար տրամադրվել է Wi-Fi կապ, իսկ ննջավագոններում անվճար բաժանվել են հեռախոսի սիմ քարտեր: Նշենք նաև, որ 2014 թվականի ապրիլին ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի տնօրինությունը ՀԿԵ Երևան-Բաթումի գնացքին շնորհեց «ֆիրմայինե կարգը և ՙԱրմենիա՚ անվանումը: Իսկ հոկտեմբերի 2-ից վերսկսել է իր երթևեկը Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը և առաջին 54 ուղեևորները մեկնեցին Վրաստանի մայրաքաղաք:
ՙՀԿԵ՚ ՓԲԸ-ն հանդիսանում է ՙՌուսական երկաթուղիներ՚ ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: