Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը (FMO) 15 ԱՄՆ մլն դոլար վարկ է տրամադրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ` բիզնեսի վարկավորման նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի լրատվական ծառայությունից, վարկը շահառուներին տրամադրվելու է հինգ տարի մարման ժամկետով 10-12 տոկոս դրույքաչափով մինչև 1մլն ԱՄՆ դոլար սահմանաչափով: Վարկային միջոցներից կարող են օգտվել մինչև 300 աշխատող ունեցող այն ձեռնարկությունները, որոնց ընդհանուր ակտիվները չեն գերազանցում 15,000,000 ԱՄՆ դոլարը: Վարկային միջոցներն առավելապես կուղղվեն արտահանող ընկերությունների բիզնես ծրագրերի ֆինանսավորմանը:
«Թեև սա Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության հետ մեր համագործակցության առաջին ծրագիրն է, սակայն հույս ունենք, որ կունենանք երկարաժամկետ, փոխշահավետ համագործակցություն և վարկի շրջանակներում կկարողանանք մեր հաճախորդներին առաջարկել երկարաժամկետ, մատչելի, մրցունակ պայմաններով ֆինանսավորում»,-հայտարարել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը` Հոլանդական զարգացման բանկի «Exchange on the Future of Banking» թեմայով երրորդ տարեկան ժողովի շրջանակներում պայմանագրի ստորագրաման արարողության ժամանակ: Միաժամանակ նա բարձր է գնահատել Հայաստանում ընկերության կողմից ընդհանուր առմամբ իրականացված ներդրումների արդյունավետությունը:
Նշենք, որ Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը ("FMO") ստեղծվել է 1970 թվականին հոլանդական կառավարության, արևտրային բանկերի, ազգային գործարարների միության, պրոֆմիությունների և անհատ ներդրողների կողմից զարգացող երկրներում և շուկաներում մասնավոր սեկտորի ծրագրերում ներդրումներ կատարելու նպատակով: 2008 թվականի մարտ ամսին FMO-ին շնորհեցին բանկի կարգավիճակ: Բանկը այսօր պաշտոնապես գտնվում է հոլանդական կենտրոնական բանկի հսկողության տակ: 2013 թվականին դեկտեմբերի դրությամբ FMO-ն ներկա է գտնվել ավելի քան 80 տարբեր զարգացող երկրներում և շուկաներում զարգացման ֆինանսական գործընկերի կարգավիճակով: Ընկերության ներդրումային պորտֆելը 2013թ.-ին կազմել է 6,7 մլրդ եվրո, ինչի շնորհիվ այն դասվում է մասնավոր հատվածը ֆինանսավորող ամենախոշոր բանկերի շարքում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, իր ակտիվներով և վարկային ներդրումներով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ գտնվում է առաջատարների տասնյակում, իսկ զուտ շահույթով` առաջատարների հնգյակում: Բանկի ակտիվները 2014 թվականի հուլիսի 1-ին կազմել են 286 մլն.դոլար, որի կառուցվածքում վարկային ներդրումները կազմել են ավելի քան 54%: Բանկի վարկային պորտֆելում տնտեսության վարկավորման ծավալները կազմել են մոտ 75%: Բանկի ընդհանուր կապիտալը նույն օրվա դրությամբ գերազանցել է 53 մլն.դոլարը, տարեկան աճը`21%: 2014-ի առաջին կիսամյակը բանկը եզրափակել է 5.2 մլն.դոլար զուտ շահույթով, տարեկան աճը` 30%: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մեծամասնական բաժնետերերն է «Ֆլեշ» ընկերությունը (նախագահ Բարսեղ Բեգլարյան), որը տիրապետում է բանկի բաժնետոմսերի 64,24%-ին, ինչպես նաև ՎԶԵԲ-ը` 25% + 1 բաժնետոմս, Rural Impulse Fund II (Բելգիական Incofin Investment Management - Incofin IM կառույցի անդամ)`10%: