«Արցախի ժողովրդի պատմական ընտրությունն այլևս անշրջելի իրականություն է: Ողջ հայության աջակցությամբ, և առաջին հերթին ձեր անկոտրում կամքի, ձեր գերմարդկային ջանքերի ու ճիգերի շնորհիվ, ինչպես նաև մեծագույն զոհողությունների գնով դուք ստեղծեցիք և կայացրիք պետականություն», - ասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի կապակցությամբ, որը նշվում է սեպտեմբերի 2-ին:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր հպարտորեն կարող է կանգնել աշխարհի բոլոր այն երկրների շարքում, որոնք շահեկանորեն տարբերվում են իրենց կազմակերպվածությամբ, հզոր բանակով և պետական կուռ կառույցներով: Ժողովրդավարության խորացումը, մշակութային ու կրթական վերելքը, ինչպես նաև տնտեսական աճի տեմպերը ԼՂՀ-ում տպավորում են ոչ միայն մեզ: Արցախը և՛ իրեն, և՛ աշխարհին արդեն ապացուցել է, որ կայացած և ծաղկուն պետություն լինելու համար ունի հզոր քաղաքակրթական պաշար: Մեզ պարտադրված պատերազմը և սահմանների երկայնքով իրականացվող պարբերական սադրանքները ոչինչ են այն հզոր ոգու համեմատությամբ, որ առաջնորդում է արցախցուն և ողջ հայությանը: Այդ ոգին առաջնորդեց մեր հերոսներին դեպի ազատամարտ և այդ ոգին է մեզ այսօր առաջնորդում դեպի արարում», - նշել է ՀՀ նախագահը` մեծ տոնի կապակցությամբ բոլորին մաղթելով խաղաղ երկինք և առաջընթաց: