Հայաստանը և Ուկրաինան, կարծես, արդեն կողմնորոշվել են իրենց արտաքին քաղաքական վեկտորների առնչությամբ: Ինչպիսի՞ն եք Դուք տեսնում Կիևի և Երևանի փոխգործակցությունը` հաշվի առնելով այդ նոր իրողությունները:
Իրոք, դատելով ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Հայաստանն այս տարի պատրաստվում է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շուրջ պայմանագիրը: Միևնույն ժամանակ, Ուկրաինայի Գերագույն ռադան սեպտեմբերին նախատեսում է վավերացնել Եվրամիության հետ ասոցացման շուրջ համաձայնագիրը: Կողմերից յուրաքանչյուրն ունի սեփական ժամանակացույցներն ու պարտականությունները գործընկերների հանդեպ, ինչպես ԵՄ-ում, այնպես էլ Եվրասիական հանձնաժողովում: Սակայն դա ոչ մի կերպ չի ազդում հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունների վրա: Ես բազմիցս դա կրկնել եմ և այժմ էլ շեշտում եմ: Երկխոսությունը շարունակվում է բոլոր մակարդակներում:
Ինչպիսի՞ հարաբերություններ են ստեղծվում Ուկրաինայի նոր իշխանության և բազմամարդ հայ համայնքի միջև, հատկապես` ղրիմյան իրադարձություններից և դրանց նկատմամբ պաշտոնական Երևանի դիրքորոշումից հետո:
Ուկրաինան և Հայաստանը կապված են դարավոր բարեկամությամբ, որի հիմքում ընկած են երկու երկրների ժողովուրդների միջև հաստատուն կապերը: Հայերն առաջին անգամ Ուկրաինայում հայտնվել են Կիևյան Ռուսիայի ժամանակներում` 11-րդ դարում, և այժմ ապրում են մեր երկրի բոլոր տարածաշրջաններում: 2001 թվականի մարդահամարին համապատասխան, Ուկրաինայում կա շուրջ 100 հազար հայ: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, Ուկրաինայի հայազգի քաղաքացիների թիվն անցնում է 350 հազարից:
Այսօր Ուկրաինայի հայերը լայնորեն ներկայացված են պետական իշխանության բոլոր ճյուղերում, մասնավորապես, գործադիր և օրենսդիր մարմիններում: Ուկրաինայում գործում են հայ համայնքի մի շարք հասարակական կազմակերություններ (շուրջ 25 տարածաշրջանային ներկայացուցչություններ): Դրանք գրեթե բոլորը ներառված են Ուկրաինայի հայերի միության կազմում (ՈւՀՄ), որը գլխավորում է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Վիլեն Շատվորյանը: ՈւՀՄ գործունեությունը նպատակաուղղված է հայ համայնքի անդամներին տարաբնույթ աջակցությանը և կենտրոնացված է հայ մշակույթի ուսումնասիրմանն ու տարածմանը, որի պահպանմանը մեր պետությունը մեծ ուշադրություն է տրամադրում: Ուկրաինայում գործում է Հայ առաքելական եկեղեցին, որի թեմական կենտրոնը Լվովում է: Երկու տարի առաջ Ուկրաինայի մայրաքաղաքի իշխանությունները հայ համայնքին Կիևում հողակտոր են հատկացրել Ուկրաինայում ամենամեծ հայկական տաճարի կառուցման համար:
Ուկրաինան խնամքով է վերաբերվում հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանմանը: Վերջին դրական օրինակներից մեկը Խմելնիցկի մարզի Կամենեց-Պոդոլսկ քաղաքում Հայկական եկեղեցու վերականգնումն է:
Հայկական տարածաշրջանային համայնքները ներգրավվում են կամավոր գործունեությունում, օգնելով զինծառայողներին, որոնք Դոնբասում մասնակցում են Հակա-ահաբեկչական գործողությանը: Նրանք կազմակերպում են պարենի և դեղորայքի հավաքում և առաքում արևելք: Օգոստոսի 19-ին Կիևի հայ համայնքը կազմակերպել էր դոնորական արյան հանձնում զինվորական հոսպիտալում: Սրանք հայրենասիրության վառ օրինակներ են և իրենց Հայրենիքի ու նրա ժողովրդի նկատմամբ սիրո վկայություններ:
Տարեվերջին Ուկրաինան նախատեսում է ստորագրել համաձայնագիր ԵՄ երկրների հետ առանց վիզայի ռեժիմի շուրջ: Նոր ռեժիմը Կիևին կպարտավորեցնի խստացնել միգրացիոն օրենսդրությունը և հնարավոր է, վիզային ռեժիմ կիրառել ԱՊՀ և Մաքսային միության երկրների հետ: Հաշվի առնելով Հայաստանից Ուկրաինա համեմատաբար մեծ միգրացիոն հոսքերը` արդյո՞ք պետք է ակնկալել միգրացիոն հոսքի էական նվազում և, որպես հետևանք, մեր երկրների քաղաքացիների միջև շփումների կրճատում:
Օրենսդրական մակարդակով վիզային ռեժինի ազատականացումը նախատեսված է Ուկրաինայի և Եվրամիության միջև ստորագրված ասոցացման համաձանագրով: Նշեմ, որ այս տարվա մայիսին Եվրոպական հանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինայի կողմից վիզաների ազատականացմանը նպատակաուղղված գործողությունների կատարման մասին չորրորդ զեկույցին: Այդպիսով, Ուկրաինան անցել է Եվրամիության պահանջների կատարման երկրորդ փուլին, որը ներառում է ազգային օրենսդրության հարմարեցում եվրոպական ստանդարտներին, կենսաչափական անձնագրային փաստաթղթերի կիրառում և մի շարք այլ օրենսդրական միջոցառումներ:
Ուկրաինայի կողմից Գործողությունների ծրագրի բոլոր չափանիշների ապահովումից հետո Եվրոպական հանձնաժողովը, օրենսդրական ընթացակարգին համապատասխան, Եվրոպական խորհրդարան և ԵՄ խորհուրդ առաջարկություն կներկայացնի Ուկրաինայի քաղաքացիների (կենսաչափական անձնագրեր ունեցողների) կարճատև ուղևորությունների համար վիզային ռեժիմի վերացման վերաբերյալ: Ըստ փորձագետների կանխատեսումների, դա կարող է տեղի ունենալ արդեն 2015 թվականին:
Ընդ որում ցանկանում եմ նշել, որ Ուկրաինայի և ԵՄ միջև վիզային ռեժիմի ազատականացումը ոչ մի դեպքում չի ազդի Ուկրաինայի և Հայաստանի միջև ուղևորությունների ռեժիմի վրա: Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիների միջև ուղևորութունների առանց վիզայի ռեժիմը կմնա անփոփոխ, և ես վստահ եմ, որ մեր երկրների քաղաքացիների միջև շփումները միայն կավելանան:
Մոտավորապես 2014 թվականի հոկտեմբերին պետք է կայանա Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստ: Այդ առնչությամբ արդյո՞ք սահմանվել են նիստի անցկացման վերջնական ժամկետները, և ի՞նչ հարցեր է նախատեսվում ներառել քննարկումների օրակարգում:
Դեսպանությունն աշխատում է միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպման ուղղությամբ: Վերջին ժամանակները մեր հարաբերություններում շեշտադրում է կատարվում առևտրատնտեսական ուղղության վրա:
Միջկառավարական հանձնաժողովի ձևաչափը տրամադրում է համապատասխան գործիքակազմ երկխոսության ընթացքում ծագող ցանկացած հարցի պատասխանելու համար: Հանձնաժողովների նիստերի կանոնավոր անցկացումը հնարավորություն է ընձեռում, գործնականում, իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները` ծրագրման և վերահսկողության միջոցով:
Որպես կանոն, քննարկումների օրակարգն ընդգրկում է համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպես` արդյունաբերությունը, էներգետիկան և էներգա-արդյունավետությունը, ագրոարդյունաբերական համալիրը, տրանսպորտը, շրջակա միջավայրի պահպանությունը, քաղաքաշինությունը, հումանիտար և գիտատեխնիկական ոլորտները, միջտարածաշրջանային համագործակցությունը, աջակցությունը փոքր և միջին ձեռներեցությանը, ինչպես նաև երկկողմ համագործակցության պայմանագրաիրավական հիմքի զարգացումն ու կատարելագործումը:
Արդյո՞ք միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգում կներառվի երկրների միջև արտահանման-ներմուծման նոր ռեժիմի հարցը` Կիևի կողմից ասոցացման համաձայնագրի ստորագրման և Հայաստանի կողմից մաքսային պայմանագրի առաջիկա ստորագրման առնչությամբ:
Այո, իհարկե, այդ թեմատիկան հիմնականներից մեկն է միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում: Եթե խոսելու լինենք առարկայականորեն, ապա, հաշվի առնելով նոր իրողությունները, որոշակի ռիսկեր կարող են ի հայտ գալ երկկողմ առևտրում: Սակայն Հայաստանի Հանրապետության պաշտոնական և գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ հանդիպումները բավականին լավատեսական էին այդ համատեքսռտում, հատկապես, հաշվի առնելով այն փաստը, որ մեր միջև գործում է ազատ առևտրի շուրջ պայմանագիր:
Ուկրաինան առաջվա նման շարունակում է մնալ Հայաստանի երկրորդ առևտրատնտեսական գործընկերը նախկին ԽՍՀՄ տարածքում: 2014 թվականի առաջին կիսամյակում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 109 մլն 382.0 հազար դոլար: Արդյո՞ք նախատեսվում է ավելացնել այդ ցուցանիշն ընթացիկ տարվա արդյունքներով կամ, հակառակը, քաղաքական բազմավեկտորայնությունը կհանգեցնի առևտրատնտեսական գործընկերության կրճատման:
Ես նույնպես նշեմ մի քանի թիվ. 2014 թվականի հունվար-մայիս ամիսներին Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքաշրջանառությունը (ապրանքներ և ծառայություններ) կազմալ է 76,17 մլն ԱՄՆ դոլար և 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4,42 մլն ԱՄՆ դոլարով կամ 5,5 տոկոսով:
Հաշվի առնելով 2014 թվականի առաջին կիսամյակում դիտվող միտումը` դժվար է ապրանքաշրջանառության աճ կանխատեսել երկրորդ կիսամյակի համար: Սակայն մենք ձգտում ենք ուկրաինական արտադրանք արտահանող ընկերություններին շահագրգռել հայկական շուկա մատակարարումների ավելացմամբ: Կան ոչ անհիմն ակնկալիքներ, որ ուկրաինական պարենային խմբի սպեկտրն արդեն մոտակա ժամանակ կընդլայնվի:
Երկրի արևելքում առկա իրավիճակի Ձեր մեկնաբանությունը և կարգավորման վերաբերյալ հնարավոր կանխատեսումը:
Ամենից առաջ, ես կցանկանայի ընդգծել, որ Ուկրաինան խաղաղասեր պետություն է: Ուկրաինան միշտ գնացել է հաշտության բանակցությունների, և այժմ դրանք համարում է գերակայուն` իրավիճակի կարգավորման գործում:
Դուք, ամենայն հավանականությամբ հիշում եք, որ հունիսի 20-ին նախագահ Պ.Պորոշենկոն առաջարկել է Ուկրաինայի հարավային տարածաշրջաններում իրավիճակի կարգավորման խաղաղ ծրագիր` բաղկացած 15 կետից:
Օգոստոսի 26-ին Մինսկում կկայանա Ուկրաինա-ԵՄ-«Եվրասիական եռյակ» (Բելառուս, Ղազախստան, Ռուսաստան) ձևաչափով հանդիպում` Ուկրաինայի և և ԵՄ միջև ասոցացման համաձայնագրի կատարմանը, էներգետիկ անվտանգությանն ու Դոնբասում իրավիճակի կայունացմանն առնչվող հարցեր քննարկելու համար:
Իսկ իրավիճակը Դոնբասում չափազանց բարդ է: Մեզ պարտադրված պատերազմի պայմաններում այն չի կարող այլ լինել: Ընթանում է այդ արդյունաբերական տարածաշրջանի ենթակառուցվածքի միտումնավոր ոչնչացում: Աճում է խաղաղ բնակչության շրջանոմ զոհերի և փախստականների թիվը:
Միևնույն ժամանակ ուկրաինական բանակն աստիճանաբար կրճատում է գրոհայինների կողմից վերահսկվող տարածքը: Գործնականում, յուրաքանչյուր օր ազատագրվում է մի քանի բնակավայր, ուր վերադառնում է խաղաղ կյանքը: Վերսկսվում է պետական հաստատությունների, ձեռնարկությունների աշխատանքը, արագացվում նոր ուսումնական տարվան դպրոցների նախապատրաստումը, որոնցից շատերն ահաբեկիչների կողմից ականապատվել էին: Գրոհայիններն օգտագործում են պատերազմի տարբեր նողկալի միջ0ոցներ: Խաղաղ բնակիչներին օգտագործում են որպես կենդանի վահան, գնդակոծում են բնակելի թաղամասերը` ուկրաինական բանակին վարկաբեկելու նպատակով, աշխատում են պատկեր ապահովել որոշ անմաքուր ԶԼՄ-ների համար: Նման գործողություններն, սթափեցնում են մեր այն քաղաքացիներից շատերին, որոնք տեղի էին տվել քարոզչությանը, և, զղջալով, այժմ նրանք անցնում են ուկրաինական բանակի կողմը:
Ինչպիսի՞ն է ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին առնչվող իրավիճակը:
Դա հնչեղ գործ է, որն ուշադրություն է գրավել ոչ միայն Ուկրաինայի հասարակայնության, այլև ողջ աշխարհի հանրության շրջանում: Ուկրաինան բազմիցս դիմել է ռուսական կողմին, խնդրելով միջոցներ ձեռնարկել Նադեժդա Սավչենկոյի կալանքից անվերապահորեն ազատելու և ամենամոտ ժամանակները Հայրենիք վերադարձնելու նպատակով: Ցավոք սրտի, վերջին ժամանակներս մեր հարևանի հետ փոխհարաբերություններում մենք բախվում են թյուրըմբռնման պատի:
Ուկրաինայի ղեկավարությունը հնարավորինը կանի միանգամայն անմեղ մարդու շուտափույթ ազատման և հայրենիք վերադարձման համար: Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունը երախտապարտ է Հայաստանի
քաղաքացիական հասարակությանը և ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր անտարբեր չեն Նադեժդա Սավչենկոյի ճակատագրի նկատմամբ` ըմբռնման և զորակցության համար:
Օգոստոսի 24-ին Ուկրաինան նշում է Անկախության օրը: Ի՞նչ կցանկանայիք ասել այդ տոնի նախաշեմին:
Անկախության 23 տարին կարևոր պատմական պահ է Ուկրինայի համար: Օգտվելով առիթից` ես կցանկանայի այդ տոնի առթիվ շնորհավորել Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին, ովքեր ժամանակավորապես գտնվում են կամ ապրում են Հայաստանում, և մեզ բոլոիս մաղթել խաղաղություն և բարեկեցություն:
Պարոն դեսպան, շնորհակություն հետաքրքիր զրույցի համար