ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը օգոստոսի 14-ին կազմակերպության մշտական խորհրդի հատուկ նիստում հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ԱԳՆ մամուլի ծառայությունից, Հայաստանի դեսպանը խստիվ դատապարտել է Ադրբեջանի սադրանքները, որոնք հանգեցրել են մի շարք զոհերի եւ մեծացրել լարվածությունը տարածաշրջանում: Նշվել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել 1994 թ. մայիսի եւ 1995թ. փետրվարի եռակողմ համաձայնագրերը եւ անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու միջազգային հանրության կոչերը՝ զերծ մնալու սադրիչ քայլերից ու կարգավորելու հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:
Դեսպան Կիրակոսյանը խոր մտահոգություն է հայտնել, որ ադրբեջանցի զինվորականները սկսել են կիրառել ծանր զենք, ինչպես նաեւ շարունակում են գնդակոծել սահմանային գյուղերն ու քաղաքացիական անձանց: Անընդունելի է համարվել Հայաստանի Չինարի գյուղում մարդասիրական հանձնառությամբ գտնվող Կարմիր խաչի մեքենայի գնդակոծումը: Հայաստանի դեսպանը դատապարտել է պատահաբար ադրբեջանական տարածքում հայտնված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի հրապարակային նվաստացումը, կտտանքների ենթարկելը, որոնք վերջինիս մահվան պատճառ են դարձել: ՀՀ դեսպանն ընդգծել է, որ Բաքուն, մերժելով միջնորդների առաջարկությունը շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու մասին, դրանով իսկ ստանձնում է հրադադարի խախտումների եւ մարդկային զոհերի համար ողջ պատասխանատվությունը:
Հայաստանի դեսպանը վերահաստատել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կողմից միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման կարեւորությունը ու նշել, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ համատեղ անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարկի սադրանքները կանխարգելելու, իրավիճակի կայունացման եւ բանակցային գործընթացի շարունակման ուղղությամբ՝ արցախյան հիմնահարցը բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորելու նպատակով: Հույս է հայտնվել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնած Հայատանի եւ Ադրբեջանի նախագահների օգոստոսի 10-ին Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով Ադրբեջանը կհրաժարվի հայատյաց եւ ռազմատենչ հռետորաբանությունից, վերջ կտա սադրանքներին ու փոխարենը ջանքեր կներդնի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: