Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Գեորգի Կոլարով. Երկրորդ ղարաբաղյան պատերազմից խուսափել չի լինի

$
0
0

Պրն. Կոլարով, կարելի՞ է արդյոք զուգահեռ անցկացնել Բուլղարիայի և Մակեդոնիայի  անցյալի հարաբերությունների և Հայաստանի ու Արցախի ներկայիս հարաբերությունների միջև:

 

1903 թ. օգոստոսի 2-ին ներկայիս Մակեդոնիայի և Հյուսիս-արևմտյան Հունաստանի տարածքում սկսվեց բուլղարացիների ամենախոշոր հակաօսմանական ապստամբությունը, որը տևեց 3 ամիս ու ավարտվեց անհաջողությամբ`թուրքական բանակի գերազանցության պատճառով: Այդ ժամանակ Բուլղարիայի մի մասը, որն արդեն ազատ էր, չկարողացավ օգնություն ցուցաբերել ապստամբողներին: Այդ գործոնը, ապստամբությանը հաջորդած Բալկանյան պատերազմները, ինչպես նաև Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները հանգեցրեցին այն բանին, որ այդ տարածքները Բուլղարիայից անջատ մնացին: Արդյունքում մի շարք պատճառներով Մակեդոնիայում տեղի ընտրախավն սկսեց հակաբուլղարական քարոզչության հիման վրա ազգային գիտակցություն զարգացնել`Հարավսլավիայի Թագավորության և Հունաստանի աջակցությամբ:

 

Ավելին, Մակեդոնիայում սկսեցին հայտարարել, որ Օսմանիան կայսրության դեմ ապստամբությունն իրականացրել են մակեդոնացիները, և բուլղարներն այստեղ ընդհանրապես կապ չունեն: Կարծում եմ, որ եթե Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար արհամարհի Ղարաբաղի հայերի շահերը, մի գեղեցիկ օր Ստեփանակերտում ինչ-որ մեկը կարող է ասել`ղարաբաղյան պատերազմը հաղթել ենք մենք, իսկ հայերն այստեղ կապ չունեն: Մոտավորապես նույնն է տեղի ունենում Մակեդոնիայում:

 

Խոսե՞նք զուգահեռների մասին:

 

Եթե մինչ հիմա դեռ չեն սկսվել արցախահայերի`մնացած հայերից առանձնացման գործընթացներ, դրանում իրենց վաստակն ունեն ղարաբաղյան պատերազմի հաղթանակների ալիքի վրա իշխանության եկած նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Հայ ժողովուրդի բախտն այդ հարցում բերել է, քանի որ հենց նրանք թույլ չեն տալիս կենտրոնախույս գործընթացների զարգացումը: Բայց ես կարող եմ երաշխավորել, որ եթե իշխանության ղեկին մնար Լևոն Տեր-Պետրոսյանը, այդ գործընթացները վաղուց կսկսվեին: Ես երկու անգամ եղել եմ Ղարաբաղում, ըստ որում երկրորդ անգամ գտնվել եմ այնտեղ`որպես 2012 թ. հուլիսի վերջին նախագահական ընտրություններում դիտորդ:  Եվ կարող եմ ասել, որ եթե Երևանի հայերի շրջանում արևմտամետ տրամադրություններ են նկատվում, Ղարաբաղում նման բան չկա: Եվ հենց որ Հայաստանը շրջադարձ կատարի դեպի Արևմուտք, Ղարաբաղում անջատվողական տրամադրություններ կսկսվեն: Արցախցիները կդադարեն հաշվի առնել հայության շահերը`կողմնորոշվելով դեպի Ռուսաստան:

 

Այլ կերպ ասած`Դուք Ղարաբաղում ռուսամետ տրամադրություննե՞ր եք տեսնում:

 

Այո: Նրանք նույնիսկ ավելի լավ են ռուսերեն խոսում, քան երևանցիները: Վերջես ես մասնակցում էի ՀԱՊԿ գծով միջոցառման, և ինձ շատ զարմացրեց, որ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները խոսում էին ռուսերեն`դժվարությամբ և ակցենտով, իսկ անգլերեն խոսում էին շատ լավ: Երևում էր, որ նրանք ստաժավորում են անցել կամ ԱՄՆ-ում, կամ Մեծ Բրիտանիայում, կամ որևէ այլ անգլախոս երկրում: Եվ այն, որ անգլերենը նրանց ավելի հոգեհարազատ է, քան ռուսերենը, նշանակում է`նրանք արդեն կողմնորոշված են դեպի արևմտյան արժեքները: Կարծում եմ, որ այդ փաստը չի կարող որոշակի անհանգստություն չառաջացնել ապագա Հայաստանի համար, քանի որ Հայաստանի հնարավոր կողմնորոշումը դեպի Արևմուտք և խզումը Ռուսաստանի հետ աղետալի եմ համարում: Առնվազն, կարող է տեղի ունենալ այն, ինչ մենք հիմա տեսնում ենք Ուկրաինայում, քանի որ հայ ժողովուրդը, նրա մեծամասնությունը ոչ մի հանգամանքում չի ընդունի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը:

 

Կարելի՞ է արդյոք մոտ ապագայում սպասել ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների վերսկսում`հաշվի առնելով հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումները:

 

Կարծում եմ`երկրորդ ղարաբաղյան պատերազմից խուսափել չի լինի: Եթե պատին հրացան է կախված, ապա այն անպայման պետք է կրակի, եթե Ադրբեջանը նման տեմպերով զինվում է, ապա այդ զենքը պարտադիր կկիրառվի: Հայկական կողմը երկրորդ պատերազմին պետք է պատրաստվի այնպես, որ գոնե երրորդից խուսափի: Որքան էլ հարուստ լինի Ադրբեջանը, նրա հասարակությում կան սոցիալ-տնտեսական և կրոնաքաղաքական հակասություններ: Ադրբեջանի առաջընթաց սունիականացումը, իսլամական տրամադրությունների տարածումը, աճող արևմտյանը, դրան հաջորդող ճնշումները` այդ ամենը կհանգեցնի ներքաղաքական պայթյունի այդ երկրում: Ադրբեջանի իշխանությունները գիտակցում են, որ պետության փլուզման վտանգով հղի այդ գործընթացները դանդաղեցնելու միակ եղանակը ռազմական գործողությունների վերսկսման հրահրումն է ղարաբաղյան հակամարտության գոտում: Նույնիսկ ամենամիջին վիճակագրական ռազմական փորձագետը գիտակցում է, որ Ադրբեջանը ոչ մի կերպ չի կարող հաղթել այդ պատերազմում: Սակայն ստեղծված իրավիճակում Ադրբեջանը կբավարարվի փոխզիջումներով ամրապնդված հարաբերական, փոքր հաղթանակով և հաշտությամբ: Ադրբեջանի իշխանություններն այդ ամենն իրենց ժողովրդին նկերկայացնեն որպես նշանակալի, գլոբալ հաղթանակ: Ուստի հայոց բանակն ամեն պահի պետք է պատրաստ լինի զինված սադրանքների: Ընդ որում հայկական կողմն այդ պատերազմում պետք է անվերապահ հաղթանակ տանի, որպեսզի հետագայում հաշտության բանակցությունները վարվեն առանց հայկական կողմի որևէ զիջման:

 

Իսկ ինչի՞ հետ է կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացումը:

 

Լարվածության մեծացումը հայ-ադրբեջանական սահմանում և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում պայմանավորված է հենց Ադրբեջանում ներքաղաքական լարվածության սրմամբ: Այժմ նույն բանն է տեղի ունենում Ուկրաինայում, իշխանություններն այնտեղ զբաղված են պետական թալանով, սակայն ոչ ոք  դա չի նկատում, քանի որ զուգընթաց պատերազմ է գնում:

 

Գնահատեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների հավասարակշռության մակարդակը: Սադրանքները հրահրվում են Ադրբեջանի կողմից, իսկ համանախագահների խաղաղության կոչերը հասցեագրված են երկու կողմերին…

 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահող բոլոր երեք երկրների ներկայացուցիչները վարվում են որպես պրոֆեսիոնալ դիվանագետներ: Կարծում եմ`ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ երեք մեծ տերությունների հասարակական կարծիքը հայերի կողմից է: Դրանք այն երկրներն են, որտեղ հայերը փրկություն են գտել Ցեղասպանությունից հետո: Բաքվի մշտական բողոքները ԵԱՀԿ ՄԽ որոշումների դեմ և միջնորդների վարքագիծը ևս կարելի է հասկանալ: Այնտեղ կան խելացի մարդիկ, ովքեր հասկանում են, որ այդ երեք միջնորդներն այն երկրների ներկայացուցիչներն են, որտեց հասարակության հսկայական մասը համակրում է հայերին: Կարծում եմ, որ  ԵԱՀԿ ՄԽ քայլերի հետ կապված հայ հասարակությունն անհանգստանալու  պատճառ չունի:

 

Կարո՞ղ են արդյոք Անկարան և Երևանն օգտվել Սոֆիայի փորձից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:

 

Անկարան Երևանից ոչ պակաս է շահագրգռված հայ-թուրքական սաhմանի բացմամբ, քանի որ դա կդառնա խթան այդ երկրի արևելյան շրջանների (Արևմտյան Հայաստան) զարգացման համար: Դա խթան կդառնա Թուրքիայի արևելյան շրջանների զարգացման համար, որտեղ այժմ, հիմնականում, աղքատության պայմաններում ապրում են քրդերը: Ծանր սոցիալական պայմանների արդյունքում Թուրքիայի այդ շրջաններում աճում է արտագաղթը, և տեղի է ունենում այդ տարածքների ամայացում: Քանի որ թուրքերը վախենում են հայեր ռևանշից, և նրանց համար ձեռնտու չէ Հայաստանի հետ սահմանակից տարածքների ամայացումը, այդ շրջանների սոցիալ-տնտեսական զարգացումն Անկարային ձեռնտու է: Հաշվի առնելով այն հանգամանքը` Թուրքիան, այնուամենայնիվ, կբացի Հայաստանի հետ այդ սահմանը, ընդ որում` ամենամոտ ապագայում: Այստեղ հարկավոր է հաշվի առնել նաև փաստը, որ ավելանում են տարաձայնություննեը Թուրքիայի վարչապետ և ապագա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև` այն պատճառով, որ Ալիևը մինչ օրս տատանվում է Էրդողանի և սունի հոգևորական Ֆեթհուլահ Գյուլենի միջև, ով հիմնականում կառավարում է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը: Հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Էրդողանը, նույնիսկ, վերջնագիր է ներկայացրել Ալիևին. ՙԿամ ես` կամ Գյուլենը՚: Եվ այսպիսի իրավիճակում չեմ կարծում, որ Էրդողանը, ինչպես նախկինում, հաշվի առնի Ալիևի կարծիքը Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ, եթե դա շահավետ է հենց Թուրքիայի համար:  Հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին սահմանի բացումը կնպաստի իրավիճակի մեղմմանը և Թուրքիայի հեղինակության բարձրացմանը միջազգային հանրության աչքում:

 

Ձեր կարծիքով, ինչի՞ հետ է կապված Էրդողանի 2014 թ. ապրիլի 23-ի աղմկահարույց հայտարարությունը, որում նա ցավակցություն հայտնեց ՙ20 դարասկզբի ողբերգության զոհերի ժառանգներին՚

 

Դա այդպիսի միտում է Էրդողանի քաղաքականությունում: Ավելի վաղ Էրդողանը ճանաչել էր «քրդերի կողմից անմեղ զոհերին, հետո` ասորիների անմեղ զոհերին, իսկ այժմ` հայերինե:

Դա այդպիսի փափուկ անցում է, որպեսզի, մի կողմից, չբորբոքի թուրք ծայրահեղ ազգայնականներին, իսկ մյուս կողմից` սահուն մոտեցում է հայերի հետ, իսկ, ընդհանուր առմամբ, համաշխարհային հանրության հետ երկխոսությանը: Էրդողանը հիմար մարդ չէ և հասկանում է, որ եթե ինքը շարունակի սրել Հայաստանի հետ հարաբերությունները` այդ բառի լայն իմաստով, և, կոնկրետ` հայկական Սփյուռքի հետ, ապա չի կարող կառուցողական հարաբերություններ ակնկալել ոչ Ռուսաստանի, ոչ Ֆրանսիայի, ոչ ԱՄՆ, ոչ էլ որևէ այլ մեծ տերության հետ, որտեղ ապրում է ազդեցիկ հայկական համայնք:

 

Իսկ մոտ ապագայում հնարավո՞ր է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում:

 

Առայժմ հարկ չկա ակնկալելու Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Թուրքիան այն չի ճանաչի, սակայն մինչև ապրիլի 24-ը տեղի կունենա 20-րդ դարասկզբի իրադարձությունների նկատմամբ Թուրքիայի դիրքորոշման վերանայում, Անկարան արդեն այնքան արմատական չի լինի, ինչպես այժմ: Թուրքիայի ապագա նախագահը, որը կլինի Էրդողանը, չի ընդունի 2015  թվականի ապրիլի 24-ին Երևան այցելելու Հայաստանի նախագահի հրավերը: Եթե նա որոշի նման քայլ կատարել, մեծ  խնդիրների կբախվի սեփական երկրում` իսլամականների և ազգայնականների կողմից: Կարծում եմ, որ դրա համար դեռ վաղ է, որքան էլ նա ցանկանա, սակայն ներքին պատճառների առնչությամբ Էրդողանը չի կարող իրեն դա թույլ տալ:  


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles