2013 թվականի սեպտեմբերից ՙՓարոս՚ ծրագրում ընդգրկված ծայրահեղ անապահով ընտանիքների ուսանողների համար կսահմանվեն ուսման վարձավճարի 50-100 տոկոսի զեղչեր: Այսօր այդ մասին հայտարարել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ելույթ ունենալով Ծաղկաձորում ՙԲազե՚ երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը: Նրա ասելով, միջին և միջինից ցածր եկամուտներ ունեցող ընտանիքների ուսանողները հնարավորթյուն կունենան վերցնել ուսանողական վարկեր ուսումնառության 4 տարվա համար` արտոնյալ պայմաններով: Բացի այդ, նախապատրաստվել է օրինագիծ, որում հստակ թվարկվում են բնակչության այն խմբերը, որոնք կարող են ակնկալել բուհում ուսման վարձավճարի մինչև 50 տոկոս զեղչեր: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, հաշմանդամներին, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկներին, Արցախյան պատերազմի վետերանների երեխաներին:
Անդրադառնալով ուսման վարձավճարի բարձրացման վերաբերյալ կառավարության որոշմանը, որը մեծ հակազդեցություն է հարուցել, նախարարը նշել է, որ բուհերը նման քայլի են դիմում ամենևին ոչ լավ կյանքից: Ընդ որում Աշոտյանն ընդգծել է, որ կմշակվեն մեխանիզմներ սոցիալապես անապահով ուսանողներին աջակցելու համար: Ինչպես ընդգծել է Աշոտյանը, լավ առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող նյութական վիճակի պատճառով չպետք է զրկվի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ ՙԲազե՚ համահայկական երիտասարդական հավաքը մեկնարկել է օգոստոսի 12-ին: Դրան մասնակցում են շուրջ 500 պատանիներ և աղջիկներ Հայաստանից, ԼՂՀ-ից և այլ երկրներից: