Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղի 1005 բնակիչներ նամակով դիմել են հայ գործարար Լևոն Հայրապետյանին, որը ներկայումս ձերբակալված է, ինչպես նաև ողջ աշխարհի հայերին, հաղորդում է Artsakh Today-ը:
Նամակում, մասնավորապես, ասված է. «Վերջին օրերի իրադարձությունները խորապես ցնցել են ոչ միայն Վանքի, այլև ամբողջ Արցախի բնակչությանը: Ակնհայտ է, որ թշնամին փորձում է իրականացնել իր վաղեմի նպատակը. չխնայելով նավթադոլարները՝ փորձում է կոտրել Ձեզ: Մենք կասկած չունենք, որ Ձեր ձերբակալությունը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի: Ձեր ձերբակալությունն ահազանգ է ողջ հայությանը: Կոչ ենք անում ողջ աշխարհի և հատկապես ՌԴ-ում ապրող հայությանը թե առանձին, թե համախմբված դիմել Ռուսաստանի իշխանություններին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Լևոն Հայրապետյանին: Այս հարցում կարևոր դեր պետք է ունենան Ռուսաստանում ապրող ազդեցիկ հայերը՝ Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը, Դանիել Խաչատուրովը, Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները և այլք: Եկել է մեր ժամանակը՝ Ձեզ սատարելու, թանկագին Լևոն Հայրապետյան, այնպես ինչպես Դուք եք այս տարիների ընթացքում ամեն վայրկյան ամբողջ սրտով կիսել մեր փոքրիկ հայրենիքի ամեն մի հաջողոթյուն և ձախողում: Չկորցնեք ոգու ամրությունը, թանկագին Լևոն Հայրապետյան: Ձեզ հետ են Աստված, Արցախը և Հայաստանը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Բասմանի դատարանը երեկ յսօր բավարարել է Լևոն Հայրապետյանի կալանավորման մասին միջնորդությունը: Նախօրեին ՌԴ իրավապահ մարմինները բերման են ենթարկել աշխարհի ամենահարուստ հայերից մեկին՝ Լևոն Հայրապետյանին։ Լևոն Հայրապետյանը հայտնի է ԼՂՀ-ում իրականացրած մի շարք բարեգործական ծրագրերով: Մասնավորապես նրա մեկենասությամբ Արցախում ռազմական ուսումնարան է կառուցվում:Լևոն Հայրապետյանի փաստաբան Իգոր Կոմարովը նշել է, որ քրեական գործի նախնական ձևակերպումը, որով գործարարը մնեղադրվում է, վերջնական չէ:
Հիշեցնենք նաև, որ ՌԴ ԴԱԾ աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են հայկական Սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին` Լևոն Հայրապետյանին: Այս մասին հաղորդել է«Ռոսբալտ» գործակալությունը, հղում կատարելով ռուսական հատուկ ծառայություններին: Ըստ տեղեկությյունների, միջոցառումները տեղի են ունեցել քրեական «հեղինակություն» հանդիսացող` Սերգեյ Ֆինագինի կողմից ղեկավարվող «կինգիսեպյան» հանցագործ խմբավորման հետաքննության շրջանակներում: Հանցագործ խմբավորման գործոնեությանը Հայրապետյանի մասնակցության մասին քննիչներին հաղորդել է նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը ներկայումս գտնվում է ցմահ բանտարկության մեջ: Նշվում է նաև, որ Լևոն Հայրապօետյանը կալանավորվել է 2014 թվականի հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր նա ժամանել էր Մոնակոյից: