ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները հայ հասարակության շահերից չեն բխում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, այդ բարեփոխումները Սահմանադրությունից պետության ինքնիշխանության վերաբերյալ կետը հանելու փորձ են, ինչը թույլ կտա Հայաստանին որպես կոնֆեդերացիա ինտեգրվել այլ պետության: Այս համատեքստում նա ընդգծել է, որ խորհրդարանական բոլոր ուժերը պետք է համախմբվեն ու միասնական պայքար սկսեն կառավարող ռեժիմի դեմ: ՙԱյդ պայքարը չպետք է սահմանափակվի խորհրդարանական համագործակցությամբ, այն պետք է շարունակվի փողոցներում և հրապարակներում՚,- նշել է քաղաքական գործիչը: Ըստ որում, Հովհաննիսյանը գտնում է, որ քաղաքական թեժ աշուն է սպասվում, ինչը կարող է արմատական փոփոխությունների հանգեցնել: ՙԵս չէի սպասի աշնանը, սակայն, ընդդիմադիր ՙքառյակը՚ որոշել է ներկայացնել հենց այդ ժամկետը, և ես ստիպված եմ համաձայնվել՚,- ընդգծել է Հովհաննիսյանը`ավելացնելով, որ ամռանը կսատարի բոլոր նրանց, ովքեր կկահնգնեն փողոցներում և կպայքարեն իշխանության դեմ: Ըստ որում, քաղաքական գործիչը չի բացառել իր ներկայությունը ՕԵԿ կուսակցության հանրահավաքին:
ՙԺառանգության՚ առաջնորդը հայտարարել է, որ ակնկալում է քառյակի համագործակցության շարունակում`բացառելով այդ դաշինքից որևէ կուսակցության դուրս գալը: ՙՀամագործակցության ձևաչափը, հնարավոր է, փոխվի, սակայն որևէ կուսակցություն չի պատրաստվում լքել ՙքառյակը՚՚,- նշել է նա: Ըստ որում, Հովհաննիսյանը հայտարարել է, որ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության հետ համագործակցությունը ՙքառյակի՚ գոյության ողջ ընթացքում արդյունավետ է եղել: ՙԻսկ խոսակցությունները, թե ԲՀԿ և ՙքառյակի՚ միջոցով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է քաղաքականություն վերադառնալ, անհիմն են՚,- եզրափակել է նա: