Հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը բիզնես-վարկառուները, տեղափոխելով իրենց վարկերը Ինեկոբանկ, կարող են թեթևացնել իրենց վարկային բեռը՝ կրճատելով ամսական վճարումների չափը և ստանալով վարկավորման արդիական պայմաններ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մինչև հուլիսի 31-ը դիմելու դեպքում հաճախորդները կստանանտոկոսային արձակուրդ: Այսպիսով, հուլիս կամ օգոստոս ամսվա համար հաճախորդը կվճարի 0%, այսինքն վարկը կլինի բացարձակապես անվճար, իսկ ամառվա ամիսների վճարումները կհետաձգվեն մինչև սեպտեմբերի 30-ը: Ի դեպ, Բանկը հոգում է վարկի տեղափոխման (գրավի ձևակերպման հետ կապված) բոլոր ծախսերը: Ակցիան գործում է մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը:
«Հաճախորդների պահանջարկի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ պայմանավորված շուկայում իրավիճակի փոփոխությամբ` մասնավորապես փոքր և միջին բիզնեսի հաճախորդներն ունեցել են վաճառքի ծավալի անկում, ինչի արդյունքում վարկային բեռը ծանրացել է, ուստի առաջացել է ամսական վճարումների չափի նվազեցման անհրաժեշտություն: Հետևաբար, մենք ստեղծեցինք հին վարկերը նոր պայմաններով վերաֆինանսավորելու հնարավորություն: Հաշվի առնելով հուլիս և օգոստոս ամիսներին տնտեսական ակտիվության սեզոնային անկումը՝ մի քայլ էլ առաջ գնացինք` հաճախորդներին ազատելով մեկ ամսվա տոկոսավճարից և տալով հնարավորություն մարումներն իրականացնել մինչև սեպտեմբերի 30-ը, երբ շրջանառության ծավալները կաճեն: Հաճախորդների վարկային բեռի թեթևացումը և համապատասխանեցումը բիզնեսի մասշտաբին բխում է և՛ հաճախորդի, և՛ բանկի շահերից»,-ակցիայի վերաբերյալ նշել է Ինեկոբանկ ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ Արամ Բալոյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Ինեկոբանկի ընդհանուր վարկային ներդրումները 2014 թվականի ապրիլի 1-ին կազմել են 89,2 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճը` 8,5%: ՓՄՁ վարկային պորտֆելը նույն օրվա դրությամբ 51.2 մլրդ դրամի, տարեկան աճը`11.2%: Բանկի վարկային ներդրումների ընդհանուր ծավալում ՓՄՁ վարկերը կազմել են 57.4%: