Ադրբեջանահայերի ասամբելայի ղեկավար Գրիգորի Այվազյանը, ով ավելի վաղ որոշել էր առաջադրվել ԱՀ նախագահի պաշտոնի համար, մտադիր է Մոսկվայում հանդիպել ընդդիմությունից միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի հետ և նրա հետ քննարկել համագործակցության հարցերը: Այդ մասին Այվազյանը հայտարարել է օգոստոսի 8-ին մամլո ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, ԱՀ ղեկավարի պաշտոնի երկու հավակնորդներին միավորում է Իլհամ Ալիևի բռնապետական վարչակարգից ազատվելու ձգտումը, իսկ Այվազյանն իր հերթին, որպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչ, օրինաչափ և անհրաժեշտ է համարում հայերի ակտիվ մասնակցությունը Ադրբեջանի կառավարմանը: ՙԻնչպես հայտնի է, հայերն Ադրբեջանի պետականաստեղծ ժողովուրդներից մեկն են, հետևաբար`երկրի հասարակական-քաղաքական կյանքի մասնակցելու լիակատար իրավունք ունեն: Եվ ո’չ մի վարչակարգ, ո’չ մի իշխանություն չպետք է խոչընդոտի դրան: Եթե Ադրբեջանի ԿԸՀ-ն մերժի ինձ որպես թեկնածու գրանցելու հարցում, դա կլինի բացառապես քաղաքական որոշում՚,- ընդգծել է Այվազյանը:
Իսկ Ռուստամ Իբրահիմբեկովի թիմի հետ հաջող համագործակցությունը, ըստ Այվազյանի, կարող է հետագայում նպաստել խաղաղ համագոյակցության ընդհանուր մեխանիզմների մշակմանը: ՙԱկնհայտ է, որ Իլհամ Ալիևի քսենոֆոբիական քաղաքականությունն այսօր լիակատար փլուզման է տանում բազմազգ Ադրբեջանին, և առողջ քաղաքական ուժերը շատ լավ հասկանում են դա: Հետևաբար`մենք փոխգործակցության լավ հնարավորություն ունենք`իրավիճակի հետագա վատթարացումը թույլ չտալու նպատակով՚,- ասել է Այվազյանը:
Ասամբլեայի ղեկավարը նաև հաղորդել է, որ մի քանի օր առաջ որպես թեկնածու գրանցվելու համար Ադրբեջան է ուղարկել իր փաստաթղթերը: Նա մտադիր է նաև, հակառակ հնարավոր խոչընդոտներին, անձամբ մեկնել Բաքու և մասնակցել նախագահական աթոռի համար պայքարին: