Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումից և Ուկրաինայի կողմից ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրումից հետո երկու երկրների միջև կարող են առևտրային բնույթի որոշակի հարցեր առաջանալ, սակայն դրանք լուծելի են, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:
Նա հիշեցրել է, որ Հայաստանը և Ուկրաինան ազատ առևտրի վերաբերյալ պայմանագիր են ստորագրել: Բացի այդ, նրանք մտնում են ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի գոտու մեջ, ինչով էլ պայմանավորված է որոշակի փոփոխությունների անհրաժեշտությունը` վերոհիշյալ սցենարի դեպքում: ՙՄիաժամանակ, կարծում ենք, որ այդ հարցը լուծելի է, քանի որ ինչպես Երևանը, այնպես էլ Կիևը շահագրգռված են երկկողմ տնտեսական համագործակցության հետագա խորացման հարցում՚,- ասել է դեսպանը:
Նա նաև ընդգծել է, որ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրումը Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցման նախերգանքը կհանդիսանա: ՙՈւկրաինան արդեն կատարել է իր ընտրությունը, որն այլընտրանք չունի՚,- նշել է նա: