Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Դեսպան. Կիևը մտադիր է խորացնել իր հարաբերությունները Երևանի հետ

$
0
0

Կիևը մտադիր է խորացնել իր հարաբերությունները Երևանի հետ: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան, ով օրերս Երևան է վերադարձել` հետկանչից մոտ երկուս ու կես ամիս անց:

  Նա հավելել է, որ անցած տարի երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 230 միլիոն ԱՄՆ դոլար, որից 197 միլիոնը ուկրաինական արտահանումն է Հայաստան:

 
Հիշեցնենք, որ Ղրիմի հարցում Հայաստանի իշխանությունների՝ Կրեմլին համահունչ դիրքորոշման հրապարակումից հետո, մարտի 21-ին, Իվան Կուխտան հետ էր կանչվել Կիև:
 
«Ուկրաինան ու Հայաստանը միշտ ունեցել են լավ հարաբերություններ, այժմ էլ ունեն և ապագայում նույնպես կունենան նման հարաբերություններ: Երկամսյա խորհրդակցություններից հետո, ցանկանում եմ նշել՝ երախտապարտ ենք, որ մայիսի 25-ին Ուկրաինայում տեղի ունեցած ընտրություններից հետո, Հայաստանը առաջին երկրներից էր, որ ճանաչեց այդ ընտրությունները: Նախագահ Սարգսյանը շնորհավորեց Ուկրաինայի նորընտիր նախագահ Պորոշենկոյին՝ այդպիսով դիրքորոշում հայտնելով, որ Հայաստանը ճանաչում է մայիսի 25-ին Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները: Սա շատ բարյացակամ, լավ դիվանագիտական քայլ էր: Ուստի, Ուկրաինայի դեսպանը վերադարձավ [Երևան]՝ իր պարտականությունների կատարմանը»,- ասել է Կուխտան։
 
Ուկրաինայի դեսպանը հաղորդել է, որ  արդեն հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, և երկխոսության ընթացքում ամրագրվել է՝ Երևանն ու Կիևը շահագրգռված են երկկողմ հարաբերությունները զարգացմամբ:
 
«Ցանկանում եմ ավելին ասել, Ուկրաինան պաշտոնական հրավեր է ուղարկել Հայաստանի ղեկավարությանը՝ մասնակցելու նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունիսի 7-ին Կիևում: Իմ տվյալներով, հայկական կողմը պատրաստ է ներկայացուցիչ ուղարկել»,- ասել է դեսպանը:
 
Մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանն, ինչպես հայտնի է, դեմ քվեարկեց ներկայացված բանաձևին, որը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անօրինական համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն։ Մեր երկիրը՝ Բելառուսի, Սուդանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի ու Զիմբաբվեի հետ այն 11 պետությունների շարքում էր, որոնք այդպես քվեարկեցինՄոսկվայի տեսանկյունից անընդունելի հանդիսացող այդ բանաձևին:
 
Քվեարկությունից երկու ամիս անց՝ մայիսի 29-ին, Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավորների հարցերին, փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը հայտարարեց, թե դեմ քվեարկելով բանաձևին՝ Հայաստանը Ուկրաինայի դեմ չի գործել և «չի ճանաչում Ղրիմը»:
 
Ուկրաինայի դեսպանն այսօր ասել է, որ Հայաստանի նման դիրքորոշումն էր իրեն Կիև հետ կանչելու պատճառը: «Հայաստանն իր այդ դիրքորոշումը հիմնավորում էր այսպես՝ ազգերի ինքնորոշման իրավունքը իր արտաքին քաղաքական հիմնական սկզբունքն է: Ուստի, Երևանում ղեկավարվել են այդ սկզբունքով: Հայաստանն ասաց՝ ոչինչ չունի Ուկրաինայի դեմ, այլ կողմ է ազգերի ինքնորոշման իրավունքին: Սա էր պաշտոնական Երևանի պարզաբանումը»,- ասել է Կուխտան։
 
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի իշխանությունները դեսպանին հայտնել են իրենց դիրքորոշումը Ղրիմի բռնազավթման առնչությամբ, դեսպանը նշել է. 
«Մենք նման հարցեր չենք քննարկել»։
 
Մայիսի 29-ին Աստանայում կայացած Մաքսային միության գագաթնաժողովում Ղազախստանի նախագահ Նազարբաևը, անդրադառնալով միությանը Հայաստանի անդամակցության հարցին,ներկայացրեց Ադրբեջանի նախագահ Ալիևի նամակը և հայտարարեց, թե Հայաստանը պետք է միությանը անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Ռուսաստանը, որը Մաքսային միության անդամ է, և այդ օրը Բելառուսի ու Ղազախստանի հետ հիմնադրեց Եվրասիական տնտեսական միությունը, այդ միությունների մեջ է վերջերս իրեն բռնակցած Ղրիմի հետ միասին, ինչը չի ճանաչվել ՄԱԿ-ի կողմից:

 Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ուկրաինայի նախագահը մտադիր չէ նման մի նամակ գրել և պահանջել, որ այդ միություններում Ռուսաստանն ընդգրկվի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, Կուխտան ասել է. «Դժվարանում եմ խոսել այդ մասին, որովհետև Ուկրաինայի նոր նախագահը պաշտոնը կստանձնի միայն հունիսի 7-ին: Սակայն նա Օբամայի, եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպմանը ասաց, որ Ուկրաինայի արևելքում առկա հակամարտության, Ղրիմի վերադարձման իր ծրագիրն ունի: Կարծում եմ, նորընտիր նախագահը առաջիկայում կներկայացնի այդ ծրագիրը և մենք հնարավորություն կունենանք ծանոթանալ դրա հետ»։


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles