Խորհրդարանական ոչ իշխանական քառյակը` ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները մտադիր են ձևավորել միասնական քաղաքական օրակարգ և հանրահավաք անցկացնել: Այդ մասին լրագրողներին հաղորդել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` քառյակի հերթական փակ նիստի ավարտից հետո:
Նրա ասելով, առաջիկա օրերին կձեւավորվի պահանջների ցանկ, որը կներկայացվի իշխանությանը, իսկ հանրահավքի օրվա մասին կհայտարարվի հաջորդ նիստում: Զուրաբյանը նաև տեղեկացրել է, որ ընդդիմությունն ունի կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ այլընտրանքային օրինագիծ, որը համահունչ է ժողովրդի պահանջներին, և առաջիկա օրերին քառյակը կնախաձեռնի խորհրդարանի արտահերթ նիստ` այդ այլընտրանքային նախագիծը քննարկելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովը հաստատել էր կառավարության ներկայացրած ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ օրենքի փոփոխությունների ընդլայնված տարբերակը, համաձայն որի` եթե քաղաքացին գործատուին դիմում է ներկայացնում այն մասին, որ ինքը հրաժարվում է մասնակցել կուտակային համակարգին, գործատուն կարող է վճարումները չփոխանցել և համապատասխան հաշվարկներ չկատարել: Դրա հետ մեկտեղ այդ համակարգում պետական մասնակցության բաժինը կփոխանցվի կենսաթոշակային հիմնադրամներ մինչև սեպտեմբերի 30-ը, որը ՍԴ որոշմամբ ժամկետ է սահմանվել կառավարության համար` օրինագծի թերությունները վերջնականապես վերացնելու համար: