Հայաստանի բանկերն արձանագրել են վարկային պորտֆելների որոշակի անկում: Ինչպես այսօր Ամերիաբանկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է բանկի գլխավոր տնօրենի տեղակալ և ֆինանսական տնօրեն Գևորգ Թարումյանը, Հայաստանի մի շարք խոշոր բանկեր 2014 թվակայի առաջին եռամսյակում մեծացրել են իրենց վարչական ծախսերը, այդ թվում նաև կենսաթոշակային հիմնադրամին կատարած վճարների հաշվին, իսկ որոշ բանկեր էապես ավելացրել են վարկերի գծով հնարավոր կորուստների պահուստները: Որպես արդյունք, Հայաստանի բանկային համակարգի ընդհանու ծահույթը 2014 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է մոտ մեկ երրորդով, կազմելով 9 մլրդ.դրամ:
Բանկի ֆինանսական տնօրենը նշել է, որ որոշ բանկերի կողմից վարկերի գծով պահուստների ավելացումը կապված է վարկային պորտֆելների վատթարացման հետ. «վերջին հանգամանքը կապված է ինչպես տնտեսական ընդհանուր կոնյունկտուրայի, այնպես էլ որոշ խոշոր վարկառուների ֆինանսական վիճակի վատթարացման հետ»: Թարումյանը նշել է, որ բանկերը պետք է բարձրացնեն դիվերսիֆիկացման աստիճանը, ինչպես տնտեսության հատվածների, այնպես էլ փոխառուների գծով: Բացի այդ, պահուստների ձևավորումը կատարվի ոչ թե ըստ իրավիճակի, այլ աստիճանաբար:
Նա նշել է, որ բանկերն իրենք պետք է խթանեն տնտեսական աճը «վարկառուներին առաջարկելով նորանոր ծառայություններ, պարբերաբար վերանայելով ու պարզեցնելով վարկավորման պայմանները»: Թարումյանը վստահ է, որ շատ բան է կախված նաև Հայաստանի ռազմավարական գործընկեր-երկրներից, քանի որ «մենք փակ տնտեսություն չենք և չենք կարող հեռու մնալ արտաքին ճգնաժամերից»: