Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Տնտեսագետներ. Տիգրան Սարգսյանը «քավության նոխազ» դարձավ կառավարող վերնախավի ձեռքին

$
0
0

 Տիգրան Սարգսյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից վկայում  է այն մասին, որ կառավարող վերնախավը` ի դեմս ՀՀԿ-ի, ոչ մի պատասխանատվություն չի կրում երկրի ներկայիս տնտեսական և քաղաքական  վիճակի համար: Այդպիսի միահամուռ կարծիք են հայտնել տնտեսագետ, ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանն ու ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

 

«Խնդիրը Տիգրան Սարգսյանը չէ, որպես անհատ, խնդիրն առկա քաղաքական համակարգն է, որն ինչ-որ անվանական «հովանոցի» ներքո հավաքել է հաստ դրամապանակներով մարդկանց», - նշել է Բ.Ասատրյանը, ավելացնելով, թե բուն փաստը, որ նախկին վարչապետը հանրապետական դարձավ միայն կառավարության ղեկավարի պաշտոնն զբաղեցնելուց հետո, արդեն ամոթալի է:

 

ԿԲ նախկին ղեկավարը նաև նշել է, որ վերջին ժամանակներս երկրում տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ, որոնք նախանշել են կառավարության հրաժարականը: Օրինակ, ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի շուրջ Հայաստանի բազմամյա աշխատանքից հետո Հայաստանը մեկ ակնթարթում որոշեց անդամակցել Մաքսային միությանը, ինչը հավասարազոր է քաղաքական հեղաշրջման: Այնուհետև, 2008 թվականին Հայաստանում ՀՆԱ դոլարային արտահայտությամբ կազմել է 11.5 մլրդ դոլար, իսկ 2013 թվականին նվազել է մինչև 10.3 մլրդ դոլար, 5 տարում երկիրն արձանագրել է ՀՆԱ 10 տոկոս անկում: Նույն դինամիկան է դիտվում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ առնչությամբ. ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի բնակիչներն այս տարիներին խիստ աղքատացել են: «Իհարկե, միշտ կարելի է վկայակոչել համաշխարհային ճգնաժամը, սակայն բոլոր երկրներն արդեն վաղուց հաղթահարել են այն, նրանց մոտ արդեն այլ խնիդրներ են հասունանում և լուծվում, իսկ մենք մինչ օրս դժգոհում ենք ճգնաժամից: Երկրի ներկա վիճակը, ամեն դեպքում, հենց այդ տեսակի և որակի իշխանությունների գործունեության արդյունք է», - նշել է Բ.Ասատրյանը:

 

Մինչդեռ ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հակված է մտածելու, որ վարչապետը վաղուց էր ցանկանում հրաժարական տալ, սակայն նրան թույլ չէին տալիս, և հասարակությունը, խորամուխ չլինելով այն հանգամանքի մեջ, որ խնդիրը կարծրացած քաղաքական համակարգն է, իր բոլոր դժբախտությունների համար մեղադրում էր վարչապետ Տիգրան Սարգսյանին: Տնտեսագետն ասել է, որ այժմ չարժե մտածել այն մասին, թե ով կդառնա վարչապետ: «Մենք պետք է մտածենք համակարգային վերափոխումների մասին, որոնք նպատակաուղղված լինեն պետության արդյունավետ կառավարման բարձրացմանը: «Չեմ ուզում սենտիմենտալ թվալ, սակայն առաջին շարքի քաղաքական այրերը պետք է, գոնե, սիրեն այն երկիրը, որը կառավարում են, այլ ոչ թե այն դիտարկեն սոսլ որպես կերաման», - նշել է խորհրդարանականը: «Կառավարության ղեկավարը պետք է լինի գիտակ, իր ստանձնած լիազորություններին տիրապետելու ունակ,  այլ ոչ թե քաղաքական գործիչների կողմից հալածված` երբ պետք է զգույշ լինի անգամ իր արտահայտություններում», - ամփոփել է Բոստանջյանը:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին ՀՀԿ գերագույն մարմնի նիստում Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել, որը նախագահ Սերժ Սարգսյանը բավարարել է: Առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը քաղաքական խորհրդատվություններ կանցկացնի, որոնցից հետո կնշանակվի նոր վարչապետ: Ինչպես հաղորդում է ՀՀԿ, վարչապետի պաշտոնի համար նոր թեկնածություններ դեռ չեն քննարկվել, սակայն, ՀՀ սահմանադրության համաձայն, վարչապետը պետք է նշանակվի առաջիկա 10 օրվա ընթացքում: Դրանից հետո 20 օրվա ընթացքում պետք է ձևավորվեն կառավարության կազմն ու կառուցվածքը: Մինչև նոր վարչապետի նշանակումը բոլոր նախարարներն ինքնըստինքյան դառնում են պաշտոնակատարներ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles