Հայաստանի ընդդիմադիր ուժերը փորձում են կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումն օգտագործել` քաղաքացիական շարժման ձեռքբերումներն իրենց վերագրելու համար, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի հանրապետական կուսակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Սահակյանի կարծիքով, ընդդիմադիր ուժերը փորձելու են ՍԴ որոշումը հաղթաթուղթ դարձնել ապրիլի 28-ին իրենց նախաձեռնած`կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի քննարկման ժամանակ: Ըստ որում, նա ընդգծել է, որ ՍԴ որոշման ճիշտ մեկնաբանման համար անհրաժեշտ է այդ որոշման հիմնավորումներ պահանջել և հետո միայն, վերլուծելով ամեն ինչ, որոշել կառավարության հետագա քայլերը:
Հիշեցնենք, որ Հայաստանի սահմանադրական դատարանն ապրիլի 2-ին անվավեր ճանաչեց կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: ՍԴ որոշել է օրենքն անվավեր ճանաչել այն մասով, որը չի ապահովում սեփական աշխատավարձը տնօրինելու քաղաքացու իրավունքը: Օրենքի բոլոր վիճահարույց հոդվածները դատարանը ճանաչել է անվավեր, քանի որ դրանք բոլորը համակարգային կապի մեջ են: ՍԴ կառավարության և խորհրդարանի համար մինչև սեպտեմբերի 30-ը վերջնաժամկետ է սահմանել` օրենքը ներկայացվող պահանջներին համապատասխանեցնելու համար: Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում դրա հրապարակման պահից: Կառավարության որոշման դեմ ՍԴ հայց էին ներկայացրել ոչ իշխանական ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգությունե խմբակցությունների պատգամավորները: