Ղրիմի հարցում ՀՀ նախագահը հայտարարություն է արել, զգուշությամբ նկատի ունենալով ղարաբաղյան հակամարտությունը: Այսօր լրագրողների հետ կայացած զրրույցում նման կարծիք է արտահայտել Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին: Նրա խոսքով, Հայաստանի նախագահը ճանաչել է միայն ազգերի ինքնորոշման իրավունքը, և ոչ թե Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին:
Մորելը նմշել է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ, իսկ հետո «գրանցվել թղթի վրա»: Ցանկացած պարագայում, պաշտոնական հայտարարություն չի եղել:
«Իհարկե, հարկավոր է վերլուծել, թե իրո՞ք Հայաստանը համաձայն է Ղրիմի բռնակցմանը, թե՞ պարզապես ցանկանում է հայտարարել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին: Բայց անգամ եթե երկրորդ տարբերակն է, ապա այն այնուամենայնիվ, դժվարությամբ է ընկալվել, քանի որ բոլորս էլ տեսել ենք, թե ինչ տեղի ունեցավ Ղրիմում, ամեն ինչ տեղի էր ունենում առանց որևէ վերահսկողության»,-նշել է Մորելը: Դեսպանը նաև հավելել է, որ իրենք ՀՀ կառավարության կողմից տեղեկացված են Հայաստանի դիրքորոշման մասին, և եզրակացություններ չեն արել միայն Սարգսյանի հայտարարության հիման վրա:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում արձանագրել էր, որ Ղրիմի հանրաքվեն «հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»: