ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը կառավարության կողմից Կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի ներդրումն անվանել է «ապուշություն»: Ելույթ ունենալով մարտի 22-ին Ազատության հրապարակում «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հանրահավաքում, Բագրատյանը հայտարարել է, որ քաղաքացիական հատվածի պայքարը դա պայքար է «կատարյալ ապուշության» դեմ,որն արժանի է, որ տեղ գտնի Գինեսի ռեկորդների գրքում:
Նա հիշեցրել է, որ իշխանությունները բերում են Էստոնիայի, Չիլիի և Ռուսաստանի փորձերը, բայց նրանց կողմից առաջարկվող ռեֆորմն այդ երկրների փորձի հետ ոչ մի ընդհանուր բան չունի: «Հայաստանում, օրինակ, կլինի ընդամենը 2 հիմնադրամ, իսկ Էստոնիայում դրանք 21-ն են, Ռուսաստանում` 240-ը: Ինչո՞ւ է Հայաստանում միայն 2-ը: Ո՞վ է մտածել այդ հիմարությունը: Ավելին, որտե՞ղ եք տեսել, որ փողը պարտք տան 45 տարով: 45 տարի մարման ժամկետով ոչ մի արժեթուղթ գոյություն չունի: Հայաստանի պետպարտատոմսերի մարման առավելագուն ժամկետը 10 տարի է: Այդ դեպքում ինչո՞ւ այդ միջոցները չվերադարձնել 10 տարի անց: Ով շատ է ցանկանում, թող վերցնի 20 տարի անց: Փողը 45 տարով պարտք տալը նոնսենս է»,-նշել է Բագրատյանը:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային կուտակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվեց 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից ներդրվեց դրա պարտադիր բաղադրիչը: Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները: «Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին» օրենքի համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի 150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազ.դրամից ոչ ավել):
Հիշեցնենք նաև, որ ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 24-ին կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ կետերի գործողությունը, մինչև օրենքի 8 հոդվածների սահմանադրության հետ համապատասխանության հարցի քննարկման ավարտը: Մասնավորապես, կասեցվեց է օրենքի 76 հոդվածի գործողությունը, որով պատասխանատվության միջոցներ էին նախատեսվում կենսաթոշակային վճարների չկատարման կամ ուշացման համար, ինչպես նաև 86 հոդվածի երրորդ մասի գործողությունը, որի համաձայն, կենսաթոշակային կուտակային պարտադիր կոմպոնենտի մասնակիցները պետք է ընտրեն կենսաթոշակային հիմնադրամին և կառավարչին: Գործի դատավարությունը կավարտվի 2014 թվականի մարտիւ 28-ին: Նշենք, որ նշված օրենքի 8 հոդվածների`երկրի սահմանադրությանը չհամապատասխանելու վերաբերյալ հայցը ներկայացվել է ՀՀ խորհրդարանի ոչ իշխանական խմբակցությունների ` Հայ Ազգային Կոնգրեսի, ինչպես նաև «Դաշնակցություն» և «Ժառանգություն» կուսակցությունների կողմից: