Ազգային ժողովը մարտի 12-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի փոփոխությունների մասին օրինագիծը, որով առևտրային գովազդի հեռարձակումը Հանրային հեռուստատեսությամբ կարգելվի: Փոփոխության ընդունման օգտին քվեարկել է 85 պատգամավոր, դեմ` 5-ը, ևս 18-ը ձեռնպահ է մնացել:
Հիմնավորելով փոփոխության անհրաժեշտությունը` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ այդ քայլը կոչված է ապահովելու Հայաստանի հանրային հեռուստատեսության անկախությունը գովազդատուներից, ինչպես նաև կազատի եթերային ժամանակը հանրային կարևոր ծրագրերի համար:
Խորհրդարանական ընդդիմությունը նախարարի հիմնավորումներին համաձայն չի եղել: Ընդդիմադիրների գնահատմամբ, այդ բարեփոխումը կոչված է ապահովելու Հայաստանի նախագահի փեսայի` Միքայել Մինասյանի մենաշնորհը երկրի գովազդային շուկայում: Այսօր նախքան քվեարկությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշել է, որ խմբակցությունը դրական է գնահատում ուղղումների հայեցակարգը, սակայն, հաշվի առնելով նպատակները, որոնք հետապնդում են այդ ուղղումները, ՀԱԿ ձեռնպահ կմնա քվեարկության ժամանակ: