Մարդկային կապիտալի արժևորումը պետք է դառնա Հայաստանի գլխավոր գերակայությունը, առանց դրա երկիրը ոչ մի դրական տեղաշարժի չի հասնի տնտեսության զարգացման գործում: Այդպիսի կարծիք է հայտնել «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր և ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը` «Հայաստանի տնտեսություն աճի եւ մարդկային զարգացման «ճանապարհային քարտեզի» շնորհանդեսի ժամանակ:
«Գոնե ինչ-որ զարգացման հասած ցանկացած երկիր սկսել է ներրդումներից մարկդային կապիտալի կատարելագործման գործում. հիշենք թեկուզ Սինգապուրի կամ Չինաստանի հրաշքը», - ընդգծել է Մանասերյանը:
Նրա կարծիքով, ցանկացած ծրագրի իրագործման համար նախապես պետք է ճշտվի, թե այն ում համար է գրվել, ով պետք է այն իրագործի, ինչպիսի ռեսուրսներ պետք է ներգրավվեն: Եթե մենք պատկերացում չունենք մեր տնօրինության տակ եղած միջոցների մասին, եթե մարդկային ռեսուրսները հաշվարկված և գնահատված չեն, ցանկացած ծրագիր վեր է ածվում փիլիսոփայության», - նշել է տնտեսագետը:
Փորձագետը համաձայն չէ այն կարծիքին, թե Հայաստանում կա որակյալ մասնագիտական կադրերի դեֆիցիտ, խնդիրը երկրի տնտեսությունում ինտեգրման հնարավորության բացակայությունն է: «Մենք ունենք բազմաթիվ երիտասարդներ, որոնք բարձրագույն կրթություն են ստացել ինչպես Հայաստանում, այնպես էլ արևմտյան հեղինակավոր ուսումնական հաստատություններում: Նրանք կարող են հիանալի աշխատանքի տեղավորվել արտասահմանում, սակայն հայրենիքում նրանցից քչերն են կարողացել աշխատանք գտնել, քանի որ նրանց որակավորման նկատմամբ պահանջարկ չկա», - նշել է Մանասերյանը: Նրա հաշվարկներով, Հայաստանի կրթված երիտասարդ քաղաքացիների շուրջ 60 տոկոսն այս պահին գործազուրկ է:
Տնտեսագետի կարծիքով, եթե երկիրն իր երկարաժամկետ զարգացման ռազմավարական ծրագրով ընտրել է տնտեսության ինչ-որ գերակայուն ճյուղեր, կրթության համակարգը պետք է մատակարարի տվյալ հատվածներին համապատասխանող մասնագիտական կադրեր: Կրթությունը չպետք է լինի ինչ-որ ինքնակա մի բան, տնտեսության պահանջներից անկախ համակարգ: Հակառակ դեպքում` ապագայի համար նախատեսված ծրագրերն իրոգործող չի լինի, քանի որ երիտասարդները հեռանում են երկրից` ինքնիրացման որոնումներից դրդված, իսկ մենք չենք կարող մեզ թույլ տալ երիտասարդ և որակյալ աշխատուժի արտահոսքի շքեղություն», - ամփոփել է Մանասերյանը