Արմինֆո. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերընտրված ղեկավար Պեդրո Ագրամունտը Կազմակերպության ձմեռային նստաշրջանի առաջին լիագումար նիստում իր ելույթում հայտարարել է, որ ԵԽԽՎ առջև չորս էքզիստենցիալ խնդիր է ծառացած, որոնք մշտապես ցնցում են պետություններին:
Նրա խոսքով, դրանք են՝ անդրազգային ահաբեկչությունը, ինչը հիմնարար և բազմակողմ վտանգ է ներկայացնում; փախստակաների ճգնաժամը, որը բազմաթիվ վեճեր է հարուցել եվրոպական ինքնության և արժեքների շուրջ; ազգայնականության աճը, ձախակողմյան և աջակողմյան պոպուլիզմի ալիքը, ժողովրդավարական սկզբունքների էրոզիան; չլուծված հակամարտությունները եվրոպական տարածությունում:
«Արդեն ավելի քան 9000 մարդու կյանք խլած ուկրաինական ճգնաժամը շարունակում է չլուծված մնալ: Պահպանվում է անվտանգության ապահովման հետ կապված սպառնալիքն այնպիսի սառեցված հակամարտություններում, ինչպես՝ մերձդնեստրյան, աբխազական և ղարաբաղյան: Բոլոր այս հակամարտությունները վտանգ են ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար, բարդանում են նաև խաղաղ կարգավորման ձեռքբերմանն ուղղված ջանքերը: Այս չորս հարցերը կգերակայեն մեր աշխատանքում իմ նախագահության ընթացքում»,- նշել է Ագրամունտը:
Նշենք, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը մշտապես մեղադրել է Ագրամունտին ադրբեջանամետ դիրքորոշման համար, ինչպես նաև հանդես եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգ մտցնելու նրա փորձերի դեմ:
↧