Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Մոսկվայի աճող դերը նշանակում է նաև դրա պատասխանատվության նոր որակ` Ռուսաստանի առջև դնելով նոր սուր խնդիրներ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
«Այդ լույսի ներքո` շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ամեն մի սրում կհարվածի ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլև Ռուսաստանին, նրա խաղացողի հեղինակությանը, որն ի զորու է իրավիճակը պահել, թող որ ոչ լիակատար, բայց գոնե մասնակի վերահսկողության տակ: Դա, իր հերթին, հանգեցնում է հակառուսական տրամադրությունների հրահրման, հակակշիռներ գտնելու Հայաստանի փորձերի», - նշել է նա:
2016 թվականի դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների` Հայաստանի տարածք դիվերսիոն ներթափանցման փորձի արդյունքում երեք հայ զինծառայող էր զոհվել:
Վերլուծաբանի գնահատմամբ, հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպերը հուշում են Մինսկի խմբի և Կրեմլի պատասխանատվության ոլորտների և գործունեության ծանրաբեռնման բաժանման հարցի պատասխանը: Անմիջականորեն Լեռնային Ղարաբաղի վրա կենտրոնացած Մինսկի խումբն այնքան էլ արդյունավետ չէ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակում: Մինչդեռ, հենց Մոսկվան կարող էր մեծ ջանքեր գործադրել «սահմանի ուղղությամբ» միջդեպերի մակարդակը նվազեցնելու համար, որոնք ունեն իրենց նրբությունները:
«Չէ որ հենց սահմանին բռնության աճի դեպքում Մոսկվայի ինտեգրացիոն նախագծերն անխուսափելիորեն կասկածի տակ կդրվեն, ինչից հետո Ռուսաստանը պետք է կամ միջամտի և կրի որոշակի կորուստներ, կամ պասիվորեն դիտի և ստանա անխուսափելի քաղաքական կորուստներ, իսկ դրանից հետ նաև նոր ստատուս-քվո` պակաս շահավետ, քան ունի այսօր: Հենց այդ պատճառով զինված բախումները հայ-ադրբեջանական սահմանին պետք է գտնվեն Մոսկվայի սևեռուն ուշադրության կենտրոնում», - համոզված է վերլուծաբանը:
↧