Արմինֆո. Երևանի և Ստեփանակերտի քաղաքական դիրքորոշումը բացառում է Արցախի և Ադրբեջանի նախագահների ուղղակի բանակցություններ կազմակերպելու հնարավորությունն անգամ, օրինակ՝ Շուշիում, ինչպես Մոլդովայի և Մերձդնեստրի դեպքում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
Հունվարի 4-ին Մերձդնեստրի Հանրապետության տարածքում գտնվող Բենդերի քաղաքում տեղի ունեցավ Մոլդովայի նորընտիր նախագահ Իգոր Դոդոնի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Վադիմ Կրասնոսելսկիի պաշտոնական հանդիպումը:
«Այդ փաստը որևէ արձագանք Հայաստանում չգտավ: Մինչդեռ Դոդոնի ռուսամետ կողմնորոշումը, որի նպատակը ռուսական ազդեցության վերականգնումն է Մոլդովայի քաղաքական և տնտեսական օրակարգում, Քիշնևի ու Տիրասպոլի միջև հակամարտության՝Մոսկվայի շահերի համատեքստում կարգավորման նոր հեռանկարներ է բացում»,- նշել է նա:
Ըստ վերլուծաբանի, Մոլդովայի և Մերձդնեստրի ղեկավարների՝ առանց միջնորդների երկկողմ բանակցությունները միջազգային օրակարգից հակամարտության կարգավորման դուրսբերման հնարավորություն է՝ այդպիսով չեզոքացնելով ԱՄՆ, ԵՄ և Ուկրաինայի հնարավոր ազեցությունը դրա վերջնարդյունքի վրա:
Մելիքյանի կարծիքով, Դոդոն-Կրասնոսելսկի բանակցային ձևաչափում, անկասկած, ներկա կգտնվի միայն Մոսկվան, որի կարծիքը որոշիչ նշանակություն կունենա բանակցողների համար, ինչը թույլ կտա Կրեմլին հնարավոր պայմանավորվածությունների պահպանման երաշխավոր դառնալ: «Առայժմ դժվար է կանխատեսել, թե արդյոք Կրեմլի քաղաքական ռեսուրսն ու ժամանակի պաշարը կբավականացնեն երկարաժամկետ արդյունքների հասնելու համար: Սակայն, արդեն հայտնի է, որ այդ «երկկողմ» ձևաչափը, անշուշտ, բացառում է այլ միջնորդների մասնակցության հնարավորությունը»,- ամփոփել է վերլուծաբանը:
↧