Արմինֆո.Առողջապահության ոլորտի վերջին 3 ամիսների օպտիմալացումը թույլ կտա տնտեսել ավելի քան 2 մլրդ.դրամ, ինչը 2017 թվականին հնարավորություն կընձեռի տրամադրել 30% ավելի ծառայություններ: Այս մասին դեկտեմբերի 27-ին կայացած մամուլի ամփոփիչ ասուլիսում հայտարարել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը:
«Բայց դա դեռ չի խոսում այն մասին, որ մենք հասել ենք մեր նպատակներին: 2017 թվականին մտադիր ենք շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ»,-ընդգծել է նա:
Ամփոփելով 2016 թվականը, փոխնախարարը տեղեկացրել է, որ առողջապահության բյուջեն հաշվետու տարում կազմել է 89 մլրդ.դրամ, որից 27 մլրդ.դրամը հատկացվել է ամբուլատոր բուժմանը: Նրա խոսքով, 2016-ին նախարարության ձեռքբերումը դարձավ առողջ ապրելակերպի ռազմավարության իրականացումը: Միևնույն ժամանակ, ներդրվել է էլեկտրոնային առողջապահության համակարգը (E-Health), որտեղ ընդգրկված են պետական պատվերներ իրականացնող բժշկական կազմակերպությունների 470 աշխատողների (95%) տվյալները:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի խոսքով, սրտի կաթվածից մահվան թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 500-ով: Միևնույն ժամանակ, արձանագրվել է մարդկային կյանքի փրկության 1371 դեպք: Պետպատվերով կատարվել է սրտի 3216 վիրահատություն, որից 167-ը`երեխաներին: Ընդհանուր առմամբ պետպատվերի շրջանակներում գրանցվել է հիվանդանոցային պայմաններում բուժօգնության տրամադրման 321 580 դեպք, որից 86.5 հազարը` 0-18 տարեկան երեխաներին:
Նախարարը նշել է նաև, որ առողջապահության նախարարության Առողջապահական պետական տեսչությունը 316 վարչական գործերով հարուցել են գործեր, որից 34-ը` բողոք-հայտերի հիման վրա: Կիրառվել են 13.3 մլն.դրամի տույժեր և պատժամիջոցներ, ինչի արդյունքում բյուջեին է փոխանցվել 6.250 մլն.դրամ:
Լ.Ալթունյանը տեղեկացրել է, որ բուժսպասարկման որակի բարձրացման նպատակով հաջորդ 2 տարիներին նախատեսվում է քայլերի փուլային իրականացում, որոնց թվում նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ և տրամադրվող բժշկական ծառայությունների գնային քաղաքականության վերանայում:
↧