Արմինֆո.2016 թվականին Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում տեղի է ունեցել երկու շրջադարձային իրադարձություն` ապրիլյան պատերազմն ու նոր կառավարրության ձևավորումը: Այդ մասին դեկտեմբերի 20-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը` ամփոփելով տարվա արդյունքները:
«Առաջին դեպքում մենք հարկադրված էինք դիմակայել արտաքին ագրեսիային, որը մեզ ստիպեց արմատապես վերանայել մեր դիրքորոշումներն ու մոտեցումները մի շարք հարցերի նկատմամբ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նկատմամբ», - նշել է խորհրդարանականը: Միևնույն ժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ արտաքին ագրեսիան դարձավ համահայկական համերաշխության և համախմբման ինդիկատոր: Պատգամավորն ընդգծել է, թե Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիան հերթական անգամ ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պետք է իրականացվի տարածաշրջանում ռազմական հաշվեկշռի ապահովման միջոցով: «Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները հերթական անգամ ապացուցեցին, որ ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման մասին չի կարելի խոսել, քանի դեռ չկա կողմերի միջև վստահության մթնոլորտ, չեն կատարվում հրադադարի և հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ 1994 թվականի համձայնագրերը», - նշել է Զաքարյանը:
Քաղաքական գործիչը նաև համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը` որպես անկախ պետություն, հակամարտության կարգավորման բանալին է: Նրա ասելով, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը ճանաչված չէ, ապահովված չեն ինչպես ԼՂՀ, այնպես էլ, Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները, ոչ մի զիջման մասին խոսք լինել չի կարող, այդ թվում` տարածքային: «Մենք ունենք հարևան, որը մինչ օրս կարծում է, թե ղարաբաղյան հակամարտությունը կարելի է կարգավորել ուժային եղանակով` տնտեսական ներուժի շնորհիվ: Միևնույն ժամանակ, իրականում, հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ այլընտրանք չկա: Իսկ նման փորձերը, որոնց մենք ականատես եղանք ընթացիկ տարվա ապրիլին, կարող են միայն ձգձգել հիմնախնդրի կարգավորումը», - ասել է պատգամավորը:
Զաքարյանը նաև համոզված է, որ այսօր ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի ջանքերը նպատաակուղղվասծ են ապրիլյան ագրեսիայի հետքերի վերացմանը, իսկ բանակցային գործընթացը, որպես այդպիսին, բացակայում է: Նրա կարծիքով, բանակցային գործընթացը կարող է վերսկսվել միայն այն ժամանակ, երբ ստեղծվեն սահմանին անդորրի ապահովման անհրաժեշտ երաշխիքներ ու մեխանիզմներ: Զաքարյանի ասելով, հաշվի առնելով Ադրբեջանի անկանխատեսելիությունը, Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման:
Պատգամավորը չի համաձայնել նաև այն պնդումներին, որ Հայաստանին «սպառազինությունների մրցավազք» են պարտադրել: Նրա ասելով, հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը 2016 թվականին նոր լիցք է ստացել, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել են պաշտպանական ոլորտի մի շարք համաձայնագրեր, այդ թվում` միավորված զորախմբի ստեղծման շուրջ: «Դրան զուգընթաց, Հայաստանը զարգացնում է փոխգործակցությունը ՆԱՏՕ հետ: Հայաստանն ընդամենը փորձում է ապահովել իր անվտանգությունն արտաքին սպառնալիքների հանդեպ` նաև սեփական պաշտպանական արդյունաբերությունը զարգացնելու միջոցով», - ասել է Զաքարյանը:
Միևնույն ժամանակ, պատգամավորը համոզված է, որ արտաքին մարտահրավերների ֆոնին Հայաստանը կարողացել պատշաճ մակարդակով կատարել իր առջև դրված խնդիրները:
↧