Արմինֆո.Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է գրող Լուսինե Ներսիսյանի ձերբակալության մասին տեղեկատվությունը, որը միացել է Բաքվի նախաձեռնած «Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պլատֆորմին»: «Լուսինե Ներսիսյանը ձերբակալված չէ, նա ազատության մեջ է: Իսկ այդ հաղորդումները հերթական ադրբեջանական «ուտկա» են: Ընդ որում` բավականին կոպիտ մատուցված», - հայտարարել է ԼՂՀ ղեկավարի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Բաբայանը, միևնույն ժամանակ, փաստել է, որ Ադրբեջանն արդեն բավականին վաղուց, վերջին 1-1,5 տարում հիբրիդային պատերազմ է վարում հայկական կողմի դեմ և դրա համար օգտագործում է տարաբնույթ մեխանիզմներ: «Հիմա դա նոր ֆենոմեն է` դավաճաններ: Նրանք փնտրում են մարդկանց, որոնք լավ փողի դիմաց պատրաստ լինեն միանալ իրենց նախաձեռնությանը: Բայց, եկեք նայենք, թե ում են կարողացել գրավել իրենց կողմը` չորս անհամարժեք մարդկանց: Այսպես, օրինակ, Վահան Մարտիրոսյանը, մի մարդ, ում կինը փախել է, քանի որ նա փորձել էր բռնաբարել սեփական երեխային: Մյուս օրինակներն ավելի լավը չեն», - ասել է Բաբայանը:
Ընդ որում, ԼՂՀ ղեկավարի մամուլի քարտուղարը կարծում է, որ կամավոր դավաճան են դառնում կամ տականքները, կամ շիզոֆրենիկները, կամ` երկուսը մեկում: Բաբայանը համաձայնել է, որ մարդկանց հավաքագրման գործընթացն արդեն սկսվել է, սակայն, նրա ասելով, դա սպառնալիք չէ: «Այո, գործընթացն սկսվել է, բայց ես դրանում սպառնալիք չեմ տեսնում, հակառակը, նման օրինակները ցույց կտան այդ տականքների իրական դեմքը և կօգնեն մեր հասարակությանը առողջանալ: Նրանք միայն նպաստում են մեր իմունային համակարգի ամրապնդմանը», - եզրափակել է Բաբայանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Բաքվի նախաձեռնած պլատֆորմին միանալու մասին հայտարարած ստեփանակերտցի գրող Լուսինե Ներսիսյանն ադրբեջանական haqqin.az-ի հետ հարցազրույցում սուր քննադատության է ենթարկել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը, հայտարարելով, թե հայերին բավականին ձանձրացրել է ղարաբաղյան հակամարտությունը, որի պատճառով նրանք վատ են ապրում: Նա նաև հայտարարել է «հայկական կողմից ադրբեջանական հողերի օկուպացման մասին»:
Սա արդեն վեցերորդ նման դեպքն է, սակայն Հայաստանի ԱԳՆ և ԱԱԾ շարունակում են լռել: ԱԳՆ-ում ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել են, որ չեն ցանկանում մեկնաբանել այդ զառամախտը: Մինչդեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պլատֆորմ ստեղծելու Բաքվի նախաձեռնությունը ողջունել է «Ռուսաստանն այսօր» ռուսական միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը: ԱԱԾ-ում էլ հաղորդել են, ոչ ԶԼՄ-ների համար ոչ մի տեղեկատվություն չունեն: Սակայն ԱԱծ-ում ԱրմԻնֆոի աղբյուրները հաղորդել են, որ կառույցն ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պլատֆորմ ստեղծելու Բաքվի նախաձեռնության շուրջ զարգացող իրավիճակին:
Ավելի վաղ Բաքվի նախաձեռնությանը միանալու մասին հայտարարել էր քաղաքացիական ակտիվիստ Արմեն Վիրաբյանը, ով անհայտ պատճառներով Գերմանիայում է: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, նա Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի մերձավոր ազգականն է: ԶԼՄ-ները նաև հաղորդում են, որ Բաքվի պլատֆորմին միանալու վերաբերյալ նրա հայտարարությունից անմիջապես հետո Երևանում ձերբակալվել է Վիրաբյանի եղբայրը: Ճիշտ է, այդ տեղեկատվության հրապարակումից անմիջապես հետո սոցիալական ցանցերում հայնվեց Վիրաբյանի մասնակցությամբ տեսագրություն, որում նա պնդում է, որ իրեն խաբել են այդ պլատֆորմի իրական նպատակների առնչությամբ, իսկ այն բանից հետո, երբ ինքը պարզել է ողջ ճշմարտությունը, հրաժարվել է մասնակցել դրա աշխատանքին, առավել ևս` մեկնել Բաքու: Վիրաբյանը հավաստիացրել է, որ ինքն, ընդհանրապես, Բաքու մեկնելու մտադրություն չի ունեցել, այլ պլատֆորմի աշխատանքին պետք է մասնակցեր երրորդ երկրից: Վիրաբյանը նաև հատուկ ընդգծել է, որ կտրականապես դեմ է հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձմանն ադրբեջանական կողմին:
Ավելի վաղ ցանցում տեղեկատվություն էր հայտնվել, թե Բաքվի նախաձեռնությանը մտադիր է միանալ սպա Նորայր Մինասյանը, ով, նույնիսկ, աջակցություն էր խնդրել Ադրբեջան անցնելու համար, որտեղ պետք է մամուլի ասուլիս հրավիրեր` «հայկական զինված ուժերում առկա իրավիճակը» հրապարակելու նպատակով: Սակայն այդ տեղեկատվության հրապարակումից հետո ցանցում հայտնվեց Մինասյանի հարցազրույցը, որում նա հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվությունը և հայտարարել, որ ինքը միտումնավոր է կապի դուրս եկել անցյալ տարի Ադրբեջան անցած Վահան Մարտիրոսյանի հետ, փորձելով շահել նրա վստահությունը, հայտարարելով ադրբեջանական իշխանությունների նկատմամբ իր լոյալության մասին, ինչի դիմաց ստացել է մեծ գումար: Սակայն, ըստ Մինասյանի, իրականում ինքն ուներ մեկ նպատակ – վրեժխնդրությունը: Ինքը, իբր, ստանալով Մարտիրոսյանի վստահությունը, փորձել է նրանից վրեժ լուծել հայրենիքին դավաճանելու համար: Նշենք, որ ներկայումս Մինասյանն ապրում է Դոնի Ռոստովում, նախկինում ծառայել է Հայաստանի զինված ուժերում, ընդ որում, ծառայության ընթացքում երկու անգամ դատվել է:
Իսկ ահա ՀՀ երկու քաղաքացիների` իրեն իրավապաշտպան համարող Վահե Ավետիսյանի և ինքնակոչ լրագրող Սուզան Ջաղինյանի Բաքու այցելելու մասին լուրը ոչ մեկի կողմից չի հերքվել: Ավելին, օրերս Ջաղինյանը սոցցանցերում տեղեկություն էր տարածել, որ սկսել է որպես թղթակից աշխատել Haqqin.az պորտալում: Ի դեպ, Ջաղինյանի քաղաքացիության և կենսագրության հետ կապված իրավիճակը միանշանակ չէ, քանի որ ՀՀ դատարանի 2010 թվականի որոշմամբ նա ճանաչված է մահացած: Բացի այդ, Ջաղինյանը դատվել է խուլիգանության, ինչպես նաև ահաբեկչական ակտի մասին կեղծ հայտարարության համար: Նշենք նաև, որ 2015 թվականին Բաքվին էր հանձնվել ևս մեկ ՀՀ քաղաքացի, քաղաքացիական ակտիվիստ Վահան Մարտիարոսյանը, որը ներկայումս գտնվում է Ուկրաինայում և նույնպես հանդիսանում է Haqqin.az-ի թղթակից:
↧