Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Էդուարդ Շարմազանովն Ալեքսանդր Լուկաշենկոյին հիշեցրել է Ղարաբաղի առնչությամբ ՀԱՊԿ երևանյան հռչակագրի մասին

$
0
0
Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ Մինսկի պաշտոնական դիրքորոշումն արտացոլված է ՀԱՊԿ երևանյան հռչակագրում, որի ներքո, ի թիվս կազմակերպության անդամ պետությունների այլ ղեկավարների, իր ստորագրությունն է դրել նաև Ալեքսանդր Լուկաշենկոն: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, հայ-բելառուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Բաքվում Բելառուսի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը, որում տեղ են գտել ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշմանը հակասող դրույթներ:  «Հոկտեմբերի 14-ին Լուկաշենկոյի ներկայությամբ և ստորագրությամբ ընդունվել է ՀԱՊԿ երևանյան հռչակագիրը, որում արտացոլված էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ կառույցի մասնակից երկրների դիրքորոշումը: Մասնավորապես՝ աջակցություն է հայտնվել Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը,  խնդրի խաղաղ կարգավորմանը՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության հիման վրա: Հայկական կողմը հենց սա է ընդունում՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորյման առնչությամբ Բելառուսի և ՀԱՊԿ երկրների պաշտոնական դիրքորոշում: Այդ փաստաթղթի դրույթների խախտումը նշանակում է ՀԱՊԿ դիրքորոշման անտեսում: Կարծում եմ՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների բոլոր ղեկավարները հարգում են իրենց ստորագրությունները»,- ընդգծել է քաղաքական գործիչը:   Նա կրկին հիշեցրել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք՝ միմյանցից անքակտելի սկզբունքների հիման վրա: «Վաղուց արդեն բոլորը պետք է հասկանան, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունն այլընտրանք չունի: Արցախի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը՝ այդ սկզբունքների հիման վրա»,- նշել է նա:   Ըստ որում, պատասխանելով այն հարցին, թե չպետք է արդյոք հայկական կողմը գնահատական տա Լուկաշենկոյի նման հայտարարություններին՝ Շարմազանովը հիշեցրել է, որ համանման միջադեպ արձանագրվել է նաև ապրիլյան պատերազմի օրերին, երբ Բելառուսի դեսպանը ՀՀ ԱԳՆ կանչվեց:   Բելառուսի նախագահ Ակեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի 28-ին Բաքվում կայացած բանակցությունների արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունում, նշվում է, որ այդ երկրները հանդես են գալիս հօգուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: «Կողմերը նշում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարևորությունը միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչման արժանացած սկզբունքներին և նորմերին համապատասխան, նախևառաջ, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության ապահովման և ՄԱԿ Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ համապատասխան բանաձևերի պահպանման հիման վրա», - ասվում է հայտարարությունում:   Հոկտեմբերի 14-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել, որում աջակցություն են հայտնում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը: «Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- ընդգծել են նրանք:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles