Արմինֆո. Զինված խմբի գործով կալանավորված՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «Ժողովուրդ» թերթի կողմից հրապարակված նամակում Շիրխանյանն առաջին հերթին դիմում է լրագրողներին՝ «ներքին ճակատագրի առաջամարտիկներ» անվանելով նրանց: «Եթե այդ գիծը հանձնեք Սերժին, Հայաստանից ոչինչ չի մնա: Պինդ, հաստատակամ և ուժեղ եղեք»,- կոչ է անում նա:
Այնուհետև նա դիմում է ՀՀ նախագահին. «Սերժ, դու միակն ես, ում հաջողվել է 23 տարի անընդհատ Հայաստանում զբաղեցնել բոլոր հնարավոր և անհնար բարձրագույն պաշտոնները: Բոլոր պաշտոններում քո պարտականությունը եղել է արդարության, օրինականության և օրենքի գերակայության հաստատումը: Սակայն դու առաջին օրվանից պետականաշինության այս կարևորագույն գործառույթները մի կողմ ես դրել և սկսել անձնական Իմպերիայի կառուցումը: Դու չդիմացար աթոռի եւ դրամի փորձությանը. ինչեւէ: Հայաստանի և Արցախի հայությանը, այդ շինարարության հասցրած վնասը թվերով ներկայացնել. հաշվարկել հնարավոր չի: Ես չեմ ուզում այս անգամ բացել, քո մեկ պաշտոնից մյուսին անցնելու նրբությունները: Դա հետո: Հիմա դու արդեն ավարտել ես քո իմպերիայի կառուցումը, բայց բացումն անելու ես 17-18-ին: Սերժ, ինչո՞վ ես դու մնալու պատմության մեջ: Լևոնն Անկախ Հայաստանի հիմնադիր նախագահն է, Ռոբերտը նոր հայկական բուրժուազիայի հիմնադիր նախագահն է, իսկ դո՞ւ: Դու շատ կոչումներ ես վաստակել, բերեմ մի քանիսը. Արդարության և կոռուպցիայի հիմնադիր նախագահ, Արտագաղթի պետական ծրագրի հեղինակ, արտագաղթը հարուցող և հովանավորող նախագահ Հավաքականորեն, 400 գյուղ և 21 հայկական քաղաք ոչնչացրած նախագահ Վաղվա օրվա, ապագայի հանդեպ ժողովրդի հույսը, հավատը իսպառ ոչնչացրած նախագահ Արդարադատության ողջ համակարգը բացարձակ անարդարադատության վերածած նախագահ Համահայկական միասնության ծառացումը խափանող նախագահ Ողջ ընտրական համակարգը ծաղրի առարկա դարձրած նախագահ (95-ին մասնակի, այնուհետև՝ միանձնյա): Ես կարող եմ այս բոլորը փաստացիորեն հիմնավորել, իսկ դու կարո՞ղ ես տակից դուրս գալ: Վազգենի և Դեմիրճյանի մահը քեզ չկանգնեցրեց: Հետևողականորեն ոչնչացրիր նրանց բոլոր ծրագրերը և ժառանգությունը: Ի՞նչ կասեր կամ կաներ Վազգենը, եթե այսօր հանդիպեր քեզ: Ասածներիդ համար հատուցման վախդ քեզ մանյակ է դարձրել: Ամբողջ ժողովուրդը պատանդի վիճակում ես պահում: Մի հատ հրապարակի, թե քանի հազար սպա են վարկի, տոկոսների տակ, քանի հարյուր հազար մարդու գույքն է կալանքի տակ, քանի հարյուր հազար մարդու հեռախոսներն ես գաղտնալսում: Սերժ, ինչ ես անում, հասար նրան, որ ամանօրյա տոնածառն ես արգելում: Ես շատ ուրախ կլինեմ, եթե մի օր փոխվեիր ու դառնայիր 92-ի Սերժիկը, բայց արդարությունից ու ճշմարտությունից դու վերջնականորեն հրաժարվել ես: Որպեսզի դու հատուցման վախից ու սարսափից ազատվես ու հազարավոր քո քանդած, ավերած օջախներին նորերդ չավելացնես, ճիշտ էր Մքաիավելին. – «Երբ տիրակալը տեսնում է, որ հպատակները լցված են բացարձակ ատելությամբ, շտապ պետք է մերձավորների հետ հեռանա: Սիրեք արտագաղթի քո իսկ կառուցած, բետոնած, ասֆալտապատած ճանապարհով և հետդ տար Հայաստանն ամայացնող քո հարյուրավոր ավտոբուսները: Միայն դրանից հետո հնարավոր կլինի վերադարձնել քո քանդածները և Արցախը պահել ու զարգացնել: Հա, ի դեպ, «Կախարդական փայտիկիե մասին: Իհարկե դու այն չէիր կարող ունենալ: Դա Վազգենինն է և ունի հետևյալ բաղադրիչները. Երկրի և ազգի խնդիրների խորն իմաստություն, Անմնացորդ և սրտացավ հայրենասիրություն: Խիզախություն և վճռականություն: Այսօր էլ այդ կախարդական փայտիկը վարչապետի գրասեղանի դարակում է: Միգուցե շատ երկար սպասելուց և տառապելուց է, որ Կարենի խոսքերում երբեմն որսում եմ Վազգենական տոնայնություն: Բայց, քանի դու կաս, «կախարդական փայտիկըե օգտագործվել չի կարողանալու: Հեռացիր Սերժ, աղքատության մեջ տառապող հայ ժողովուրդը, համենայնդեպս մեծահոգի է, կարող է և ների: Եվ անպայման հետդ տար բոլոր կառույցներում տաքուկ բարուրված Մուկուչյաններին, որպեսզի Հայաստանում գա իշխանության ժողովրդին ծառայող և նրա առաջ պատասխանատվություն կրող մարդիկ: Որպեսզի Հայաստանի դադարի խաբել ինքն իրեն, Ռուսաստանին, Եվրոպային, ողջ Սփյուռքին: Հեռացիր ու հետդ տար ստի, չէ, մշտական ու անամոթ ստի, քո սուպերմեքենայական համակարգը, որը կարող էր ստեղծել միայն կրթվածությունից շատ հեռու, իրեն աշխարհի ամենախելոքը համարող մարդը: Այցելի քո ամայացրած գյուղերը, քաղաքները, անմեղ մարդկանցով լցված դաշտերը, եթե կարողանաս հաղթահարել վախդ, ահ ու սարսափը: Հանդիպիր ժիրայրներին որդեկորույս, կարիքի մեջ խեղդվող մայրերին քո օֆշորավոր, դղյակավոր մանկլավիկների հետ: Միգուցե, մարդկային ինչ-որ բան արթնանա ու ինքդ համոզվես, որ քո հեռանալն է միակ ելքը:
Դու նաև ուրախանալու առիթ ունես: Ինձ բանտարկեցիր առողջ վիճակում, երբ կարողանում էի ժամերով քայլել թոռնիկիս հետ, երբեմն գրկելով: Հիմա չեմ կարողանում քայլել, պարգևել ես թոքի ինֆարկտով, մարմնիս մեջ 30 սմ մետաղական առարկայով, գլխուղեղի վրա տրոմբի գնդիկներով և այլն: Այս տեմպերով եթե գնա, շուտով պատրաստվիր պարգևատրել քննչականի պետ Համբարձումյանին ու էլի մի քանիսին, քո կողմից նրանց առջև դրված՝ ինձ սպանելու խնդիրը պատվով կատարելու համար: Ես առավել քան հանգիստ եմ: Քո հրամանով, քո բանտում սպանվելը շատ ավելի պատվաբեր է քան նույնիսկ թուրքի գնդակից զոհվելը: Հա, մի խնդրանք: Անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր պաշտոնյա կալանավորը ես եմ: Անարդարության, այսինքն քո չափումների մեջ դա չի տեղավորվում: Զավակներից երկուսը գործազուրկ են, մեկն ել վարձով է ապրում: Ուղարկի իմ մոտ 1-2 վարչապետ (դղյակավոր, օֆշորավոր) կամ գոնե Նժդեհի նորագույն ուսմունքի հեղինակներից ԱԺ նախագահ, նման մի բան: Կարո՞ղ է 70 տարեկան հասակումս այդ երիտասարդները ինձ ինչ-որ բան բացատրեն: Միևնույն է, նրանց վերջն այստեղ է, եթե ոչ քո հրամանով, ապա ժողովրդի վճռով»:
Վահան Շիրխանյանը ձերբակալվել էր 2015 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով: ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, Շիրխանյանը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:
↧