Արմինֆո. ԱՄՆ կշարունակի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում փոխգործակցել Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ: Այդ մասին Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը՝ մեկնաբանելով Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրմամբ երկրի արտաքին քաղաքական վեկտորի հնարավոր փոփոխությունը:
Բրինքը հիշեցրել է, որ մինչև 2017 թ. հունվարի 20-ը ԱՄՆ-ում կիրականացվի գործող նախագահ Բարաք Օբամայի որդեգրած ուղեգիծը, այնուհետև կլինի անցումային շրջան և հետո միայն պարզ կդառնա Թրամփի ծրագիրը:
«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ԱՄՆ-ը տարիներ շարունակ աջակցել է տարածաշրջանին: Հետևողական աշխատանք է իրականացվել Կոնգրեսի երկու կուսակցությունների՝ հանրապետականների և դեմոկրատների կողմից, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցության հարցում»,- նշել է Բրինքը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը երկար տարիներ համատեղ աշխատել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ, ինչը բավական կառուցողական էր: Այս համատեքստում նա համոզմունք է հայտնել, որ այդ ուղղությամբ փոխգործակցությունը հետագայում ևս կշարունակվի:
Անդրադառնալով ստատուս-քվոյի հարցին՝ Բրինքը հայտարարել է, «Մեր դիրքորոշումն այն է, որ ստատուս-քվոն անկայուն է: Դա ապացուցեցին նաև ընթացիկ տարվա ապրիլի իրադարձությունները: Անհրաժեշտ է շարունակել բանակցությունները՝ հակամարտության համապարփակ լուծում գտնելու նպատակով: Կարծում ենք, որ հակամարտության լուծումը դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի համար»,- նշել է նա:
Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում են Վիեննայի պայմանավորվածությունների կատարմանը՝ ուղղված միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մանդատի ընդլայնմանը:
«Ամերիկյան կողմից այդ հարցով զբաղվում է Ջեյմս Ուորլիքը, և հուսով ենք, որ մոտ ապագայում այդ գործընթացում առաջընթաց կարձանագրվի»,- ասել է Բրինքը:
Նա դժվարացել է հայտնել, թե ինչի մասին է ԱՄՆ փոխնախագահ Ջոն Բայդենը հեռախոսով խոսել Հայաստանի և Ադբեջանի ղեկավարների հետ ապրիլյան սրացումների ժամանակ: «Ինձ համար դժվար է հիշել խոսակցության էությունը, քանի որ մեզ համար հիմնական խնդիրը կարճ ժամկետներում հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելն էր»,- եզրափակել է Բրինքը:
↧