Արմինֆո. Կառավարման խորհրդարանական ձևի դեպքում Հայաստանի անվտանգությունն ավելի հուսալի ապահովված կլինի: Այդ մասին «Ռոսիա սեգոդնյայի» գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Շատ երկրներում կարծիք կա, որ Հայաստանում գոյություն ուներ կառավարման նախագահական ձև, իսկ հիմա երկիրն անցում է կատարում խորհրդարանական ձևի։ Սակայն, դա այդպես չէ։ Մենք ունեցել ենք կառավարման կիսանախագահական ձև, որն ունի իր թերությունները։ Միայն այն բանի
շնորհիվ, որ գործող նախագահը մեծամասնություն ունի հայկական խորհրդարանում, հնարավոր է դառնում երկրի կայուն կառավարումը։ Ինչու՞։ Որովհետև կիսանախագահական ձևի դեպքում կառավարությունը ձևավորում է խորհրդարան։ Եվ եթե պատկերացնենք, որ նախագահը կարող է մի քաղաքական ուժ ներկայացնել, իսկ խորհրդարանական մեծամասնությունը` մեկ այլ, ապա հասկանալի է, որ կառավարության և նախագահի միջև լավ հարաբերություններ չեն լինի»,- պարզաբանել է նախագահը:
Սարգսյանը հիշեցրել է նաև, որ Սահմանադրության համաձայն, նախագահը պատասխանատվություն է կրում երկրի անվտանգության և ամբողջականության համար։ Նա գլխավոր հրամանատարն է։ «Եվ բոլորիս հասկանալի է, որ գլխավոր հրամանատարի գործառույթն այն չէ, որ նա քարտեզի վրա սլաքներ նկարի, թե որ ուղղությամբ պետք է շարժվեն զորքերը։ Գլխավոր հրամանատարի խնդիրն է՝ ապահովել պետության ամբողջ ռեսուրսը` ռազմաքաղաքական խնդիրների լուծման համար։ Իսկ ինչպե՞ս նա կարող է անել դա` իրավունք չունենալով բյուջեից ինչ-որ մաս ծախսել այդ նպատակների համար»,- հարց է տվել ՀՀ նախագահը:
Միաժամանակ, Սարգսյանի համոզմամբ, խորհրդարանական հսկողությունը համակարգերի և կառույցների նկատմամբ հսկողության շատ արդյունավետ ձև է: «Այդ պատճառով կարծում եմ, որ կառավարման նման ձևը կհանգեցնի այն բանին, որ Հայաստանի անվտանգությունն ավելի հուսալի ապահովված կլինի»,- ասել է Սարգսյանը:
↧