Մեկը մյուսի հետևից ժողովրդի համակրանքը չվայելով քայլերի գնացող իշխանության ջանքերին հետևելով` տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը կանգնած է դեֆոլտի եզրին և դրանից խուսափելու միակ միջոցը ՙկուտակային՚ կողոպուտը և ԱՊՊԱ-ի բացակայության համար տուգանքների անհեթեթությունը հիշեցնող միջոցներն են...
Հայաստանում շատ դժվար է խոսել ցանկացած հարցի տնտեսական բաղադրիչի մասին` հաշվի առնելով, որ իշխանության ելույթները մակրոտնտեսական բաղադրիչ և ընդհանուր առմամբ տնտեսական չափորոշիչներ չեն պարունակում:
Իշխանության տնտեսական սնանկությունն սկսում է դրսևորվել, երբ վերջինս սկսում է հույսը դնել ոչ ուղղակի հարկերի և պետբյուջե անուղղակի ներարկումների վրա: Այսօր ամենահեշտը ոչ ուղղակի հարկերի հավաքումն է: Այդ Առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ նույն ԱԱՀ-ն լրացուցիչ բեռ Է գնորդների համար, ինչը հաճախ մենք չենք էլ նկատում: Երբ ԱԱՀ-ն բավարար չի լինում, իշխանությունը դիմում է ակցիզներին, մաքսային լրացուցիչ տուրքերին, գույքահարկին, ինչպես նաև ԱՊՊԱ բացակայության դիմաց գանձվող ոչ խելամիտ տույժերին, ինչը վերջին հաշվով ընկնում է մեր բոլորի ուսերին:
Այս ամենը վկայում է, որ բյուջեն բնական եղանակով համալրելու հնարավորություն իշխանությունն արդեն չունի: Մինչդեռ Գերմանիայի ՀՆԱ-ի 60-65% առաջանում է ՓՄՁ ոլորտի ձեռնարկությունների միջոցով: Ճապոնիայում այդ ցուցանիշը հասնում է 92%-ի: Զարգացած մյուս երկրներում հիմնական հարկերը գանձվում են շահույթից, եկամուտներից: Այսինքն` դրանք ուղղակի հարկեր են, որոնք հավաքվում են տնտեսության իրական հատվածից: Աեանց խորը վերլուծության նույնիսկ պարզ է դառնում, որ Հայաստանի իշխանությունները բյուջեն լրացուցիչ միջոցներով համալրելու համար պարզապես կառչում են այդքան աղմուկ հանած` պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումից: Երկրապահների համագումարում Սերժ Սարգսյանը բազմաթիվ վերացական բաներ խոսեց, այդ թվում`կենսաթոշակային բարեփոխումների մասին, բայց մեկ բան ճիշտ ասաց` ՙհասկացեք, այդ գումարները պետք են մեր տնտեսությանը՚: Հաշվի առնելով, որ ցանկացած տնտեսություն զարգանում է տարբեր ձևերով, բայց ոչ պետության փողերով, ըստ երևույթին, խոսքը վերաբերում էր միայն բյուջեի դեֆիցիտը ծածկելուն: Սարգսյանի հայտարարությունը, որ ՙիշխանությունը ծախսում է իր քաղաքական ռեսուրսը՚` իմանալով, որ բնակչության 80%-ը դեմ է կենսաթոշակային բարեփոխմանը, վառ վկայում այն մասին, որ իշխանությունը հուսահատության վերջին աստիճանին է հասել:
Այսինքն`կարծում եք, որ Հայաստանը նախադեֆոլտային վիճակու՞մ է գտնվում:
Երկիրը գտնվում է նախադեֆոլտային վիճակում, ընդ որում` վաղուց: Համայն դեպս, այդ մասին կարելի է հայտարարել`համապատասխան չափանիշներով տնտեսութնյան վերլուծություն կատարելով: Բայց կան մի քանի իրական գործոններ, որոնք մշտապես փրկում են իրավիճակը: Հայաստանի պետբյուջեի չափերի հասնող տրանսֆերտները լուծում են սոցիալական և տնտեսական հարցեր, ապահովում բանկային համակարգի գործունեությունը: Ժամանակ առ ժամանակ կիսաօրինական, անտրամաբանական մեթոդներով բյուջեն են ներարկվում նաև վաճառքներից առաջացած գումարներ, օրինակ, ՙՈրոտանի կասկադի՚, երկրի գազային համակարգի 20%-ի այլն: Այսինքն` Հայաստանի կառավարության մտքի ճկունությունը դեֆոլտը երկարաձգելու առումով, ըստ երևույթին, անսահման է:
Ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել իրավիճակը շտկելու համար:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները, թե համաշխարհային միտումներով պայմանավորված Հայաստանում ներդրումները կրճատվել են 40%-ով`նշեմ, որ նա խորապես սխալվում է: Այդ փաստը այդ կերպ բացատրելը դեմագոգիա է: Ընդհակառակը, հետճգնաժամային փուլում աշխարհում նկատվում է զարգացող երկրներ ուղղակի ներդրումների ներգրավման աճ, հիմնականում`բարձր տեխնոլոգիական ոլորտներ, ինչը վկայում է վերջնական արտադրանքի` արտահանման կողմնորոշում ունենալու մասին: ՙՎերջին տարիներին այդ ոլորտում իմ գործունեությունը վկայում է ներդրումների ծավալների բավականին բարձր աճի մասին, ընդ որում`երկրներ, որոնք համեմատելի են Հայաստանի հետ: Օրինակ, Ղազախստանում կամ Ինդոնեզիայում ամեն տարի ուղղակի ներդրումները հասնում են 2-3 մլրդ.եվրոյի:
Մինչդեռ Հայաստանը` իր 1700-ամյա քրիստոնեությամբ և ներդրողներին գեղեցիկ խոսքեր շռայլող նախագահով, տարեցտարի կորցնում է այդ ներդրումները: Նույն Չեխիայում նույնպես նրան շատ բան խոստացան, բայց առայժմ ոչինչ չեն արել: Հարկավոր է հասկանալ, որ ցանկացած մասնավոր ընկերության համար գլխավորը բիզնեսի եկամուտներն են, կապիտալը չի ղեկավարվում աշխարհաքաղաքականությամբ կամ բարգործությամբ: Ինչո՞վ կարող է Հայաստանի 2-3 միլիոնանոց, հիմնականում սակավ վճարունակ շուկան գրավել ներդրողներին: Հայաստան ներդրումների հոսքի մեծ ալիք կարող է բարձրանալ միայն այն դեպքում, երբ հայկական արտադրանքը դուրս գա բարձր վճարունակությամբ սպառողներով եվրոպական բազմամիլիոնանոց և մրցունակ շուկա: Այլ կերպ ասած` Հայաստանի համար ԵՄ հետ Ազատ առևտրի գոտուն մասնակցելուց բացի, այլ ճանապարհ չկա:
Հայաստանը երկար տարիներ ընթանում էր այդ ուղղությամբ` համապատասխանեցնելով օրենսդրութունը եվրոպական ստանդարտներին, ինչից հետո հանկարծ որոշեց դառնալ Մաքսային միության անդամ: Եկեք խոսենք այս մասին...
Երբ ես խոսում եմ նախկին գործընկերներիս հետ, ովքեր հիմա իշխանությւոմ պաշտոններ են զբաղեցնում, նրանք միշտ ցածրաձայն շշնջում են, որ ՄՄ-ին անդամակցումն առաջին հերթին պայմանավորված է ԼՂՀ անվտանգությամբ:
Ես փսփսալ չեմ սիրում, քանի որ գտնում եմ, որ 21-րդ դարում ցանկացած երկրի քաղաքականություն պետք է հնարավորինս բաց լինի: ԼՂՀ անվտանգությունը, որն ապահովվում է ՄՄ-ին Հայաստանի անդամակցումով, չի կարող հիմնված լինել Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հինգրոպեանոց խոսակցության վրա: Անվտանգությունը չի կարող հիմնված լինել անձերի վրա, այն պետք է հստակ ամրագրված լինի փաստաթղթում: Սակայն այսօր պալատական և այլ տնտեսագետներ հանկարծ սկսել են միաձայն գովերգել ՄՄ տնտեսական հնարավորությունները: Իսկ սահմանափակ թվով անձանց մեծամասնությունը, ովքեր հասկանում են, թե ինչի կարող է բերել Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին, այսօր նստած է կառավարությունում: Նրանք արդեն ասում են, որ Հայաստան ներմուծվող 600-800 անուն ապրանքատեսակների մաքսատուրքերի աճը կբերի գների և ինֆլյացիայի աճի Հայաստանի ներսում: Ընդ որում, փաստ չէ, որ այդ տուրքերը կծառայեն Հայաստանի բարօրությանը, քանի որ 30-40%-ը կթալանվի ՙատկատների՚ տեսքով, իսկ մնացածը կդառնա պաշտոնյաների կերակուր:
Մինչդեռ Հայաստանի տնտեսությունում ընդամենը մեկ միլիարդ դոլարի ներդրումը կարող է ստեղծել առնվազն 50-60 հազար աշխատատեղ, ինչը վճարունակ կդարձնի հանրապետության բնակչության քառորդ միլիոնին: Դրան էլ գումարած պետբյուջեի ներարկումները, ՀՆԱ-ն, արտահանումը, տնտեսական ակտիվության աճը: Այսինքն, այդ միլիարդ ներդրումները տնտեսական ճիշտ քաղաքականության պարագայում կդառնային հսկայական ձնեգունդ: Բայց այդ մասին ոչ ոք անգամ չի էլ մտածում: Մենք ունենք մեկ շնչին ընկնող 3000 դոլարի ՀՆԱ և 3-4 մլրդ.դոլարի պետբյուջե, ու բավական է:
Հայաստան անկախ ներդրումներ ՄՄ-ին անդամակցությունը հենց չի նախատեսում: Հնարավոր է` միայն քաղաքականապես մոտիվացված...
Իշխանությունն ակնկալում է 600-800 ապրանքատեսակների առնչությամբ բարեկամ Ռուսաստանի ըմբռնողությունը`խնդրելով Հայաստանի համար միասնական մաքսային տարածքի գործունեության ռեժիմից ժամանակավոր բացառությունների մասին: Սակայն, իմանալով հայերի հնարավորությունները և Հայաստանի կառավարության կոռումպացվածությունը`Ռուսաստանում հասկանում են, որ Մաքսային միության տարածք ապրանքների արտահանման համար` ՄՄ մասշտաբների համար ոչ մեծ սողանցքը կարող է գետի վերածվել: Այդ պատճառով միակ բանը, որը կփրկի նրանց շուկան, Հայաստանի հետ ուղղակի սահմանների բացակայությունն է: Բայց սա էլ գլխավորը չէ: Եթե մենք այսօր Հայաստանի տնտեսական մոդելը կոչենք մեկ բառով, մենք այն կանվանենք սպառողական: Մի կողմ թողնելով պատճառները` նշեմ, որ սպառողական շուկայից բացի, մենք ունենք 30-50% աղքատ բնակչություն: Շատ լավ հասկանալով իրավիճակը` կառավարությունը հնարավորինս նվազեցրել է ներմուծման մաքսատուրքերը, որպեսզի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն արագ տեմպերով չաճի: Դա ապահովել է տնտեսության հարաբերական կայունությունը: Ռուսաստանում տնտեսության մոդելը հիմնված է ածխաջրածինների արտահանման և ապրանքների ցածր տեխնոլոգիական արտադրության վրա: Ինչպե՞ս կարելի է պաշտպանել նման արտադրությունը:
Ներմուծման բարձր, արգելափակիչ մաքսատուրքերով...
Հաշվի առնելով, որ իր սպառողական մոդելով մուտք գործելով Մաքսային միություն` Հայաստանն անխուսափելիորեն պետք է ընդունի վերջինիս մոդելը, որը պաշտպանում է ներքին արտադրողին, տնտեսական տեսակետից Մաքսային միության ուղին ճանապարհ է դեպի անդունդ: Այլ տարեբրակ բացառված է: Սակայն, հաշվի առնելով, որ այս տարվա մնացած ամիսներին դա հնարավոր չէ անել`ՄՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարներն անձամբ ինձ լավատեսություն են ներշնչում:
Ինչու՞:
Ինչ-որ փուլում, երբ կանցնի էյֆորիան և քաղաքական նպատակահարմարությունը, կհաղթանակեն տնտեսական նպատակահարմարությունը և խելամտությունը: ՄՄ և Եվրասիական միության ստեղծման գործընթացը զուրկ է սիստեմատիկությունից, այն հիմնված է Պուտինի, Նազարբաևի, Լուկաշենկոյի, ինչպես նաև Սարգսյանի անձերի վրա: Հետևաբար, այս չորս առաջնորդներից թեկուզ մեկի փոխարինման դեպքում կամ գաղափարը կխախտվի, կամ առնվազն այնտեղից դուրս կշպրտվի Հայաստանը:
Երկար ժամանակ մեր կառավարությունը, եվրաինտեգրում ձևացնելով, կարծում էր, թե ամենախելացին է, սակայն եվրոպացիները շատ լավ հասկանում են դա: Եվ եվրոպացի իմ գործընկերները միշտ զարմանում են`ասելով, որ եվրաինտեգրումը հարկավոր է հայերին, այլ ոչ թե իրենց: Այդ պատճառով Հայաստանի նկատմամբ որևէ պատժամիջոց չի կիրառվել: Իսկ Ռուսաստանի հետ այդ խաղը չի անցնի, քանի որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհրաժեշտ է Ռուսաստանին, այլ ոչ թե`Հայաստանին:
Ինչի՞ կարող է հանգեցնել առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը:
Մաքսային միությանն անդամակցությունից հետո առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը կհանգեցնի ՙոտքով քվեարկության՚ տեմպերի արագացման: Հայաստանում սպառողական զամբյուղի արժեքի ավելացումը հաստատ չի հանգեցնի Ռուսաստանում աշխատող Հայաստանի մի քանի հարյուր հազար քաղաքացիների եկամուտների ավելացման, այլ կհանգեցնի աշխատողների ընտանիքների Ռուսաստան տեղափոխման:
Հնարավոր է քաղաքական գործիչների կողմից չուղղորդվող սոցիալական խռովություն, քանի որ դրա նախադրյալներն արդեն կան: Դրանից շատ է վախենում իշխանությունը, և դա, ցավոք, այսօր միակ գործոնն է, որն զսպում է վերջինիս: Բայց Կրեմլի իշխանությանը Երևանում իշխանության խնդիրները չեն հետաքրքրում, քանի որ Հայաստանը ՄՄ է ՙհրավիրվել՚ մեկ նպատակով` ցույց տալու Եվրոպային, թե ՙով է տանտերը՚, որ անտեսելով Ռուսաստանին ՙԱրևելյան գործընկերության՚ հարցում` հաջողության հասնել ԵՄ-ին չի հաջողվի: Հայաստանն ընդամենը փոքրիկ պտուտակ էր այդ խաղում, հիմնակա թիրախն Ուկրաինան էր: Եվ Մոսկվայում անկեղծորեն կարծում են, որ իրենք հասել են հաջողության` ձախողելով վիլնյուսյան գագաթնաժողովը:
Այո, բայց ՙգործընկերությունն՚ ամենևին չի ավարտվել, և ամեն ինչ նոր է սկսվում, ինչի լավագույն վկայությունն Ուկրաինայի իրավիճակն է...
Համաձայն եմ: Սակայն, հենց Վիկտոր Յանուկովիչն առաջինը խոսեց Ուկրաինա-ԵՄ բանակցություններին Ռուսաստանի մասնակցության մասին` Բրյուսելի առջև արդարանալով Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի և DCFTA ստորագրումից հրաժարվելու համար: Ունենալով ազդեցություն արևելյան Ուկրաինայում և իշխանություն արևմտյան հատվածում` Յանուկովիչը ցանկության դեպքում կարող էր նրանց միավորել ոչ թե անձի, այլ դեպի Եվրոպա շարժման նպատակի շուրջը, որին այսօր ձգտում են բոլոր ուկրաինացիները: Այդ հնարավորությունը նա բաց թողեց, և դա ներել նրան հասարակությունն այսօր չի կարող:
Արդյո՞ք Հայաստանին ձեռնտու է ռազմավարական դաշնակից Ռուսաստանի էլ ավելի ուժեղացումը հետխորհրդային տարածությունում` եվրասիական ինտեգրացիոն նախագծերի միջոցով:
Հայաստանի իշխանությունները, պարզապես, լուրջ ռազմավարական հարցադրումներ չեն կատարում: Օրինակ` թե արդյոք Հայաստանի համար շահավետ է ռազմավարական դաշնակից Ռուսաստանի էլ ավելի հզորացումը հետխորհրդային տարածքում` եվրասիական ինտեգրման նախագծերի միջոցով:
Զուտ տեսականորեն` Ռուսաստանի հզորացումը Հայաստանի համար ձեռնտու չէ: Հայաստանում այդ մասին, գործնականում, ոչ ոք չի էլ մտածում: Ավելին, դրսից իրականացվող մեկուսացմանը զուգընթաց մենք հետևղականորեն ընթանում ենք ոչ միայն համաշխարհային, այլև տարածաշրջանային գործընթացներից ինքնամեկուսացման ճանապարհով: Ժնևում, Դավոսի համաժողովում հենց նույն Իրանին առնչվող հարցերի քննարկումներն անմիջականորեն առնչվում էին Հայաստանին: Այդուհանդերձ, Հայաստանը չկար ոչ Ժնևում, ոչ Դավոսում:
Մինչդեռ, Հայաստանը յուրահատուկ իրավիճակում է. նրան վատ չեն վերաբերվում Արևմուտքում և, միևնույն ժամանակ, նրա նկատմամբ բարեհաճ են Ռուսաստանն ու Իրանը: Հենց նույն Ադրբեջանը նման հնարավորությունից զրկված է, քանի որ նրան դրական չեն ընկալում ոչ Արևմուտքում, ոչ Իրանում: Իսկ Վրաստանը լիովին փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նման իրադրությունը կարելի է օգտագործել, ինչ չի արվում: «Ժնև-2ե-ին մասնակցել են 40 երկրներ, որոնց վրա Սիրիայի իրավիճակը ազդել է: Հայաստանը, որ ունի քրիստոնեական համայնք Սիրիայում, այդ երկրից հազարավոր փախստականներ, այդ 40 երկրների թվում չէր: Հայաստանում կենտրոնացել են սեփական իշխանության պահպանման և վերարտադրման վրա. ահա ինքնամեկուսացման, Հայաստանում ոչ ժողովրդավարական գործընթացների վրա հարձակումներից պաշտպանվելու ռազմավարության, իշխանության ոչ լեգիտիմության պատճառը:
Իսկ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանը վճռականորեն հետևում է բացահայտ շողոքորթման ռազմավարությանը, որը երբեք գործոն չի հանդիսանում քաղաքականությունում: Եվ դա Հայաստանում ռուսական ռազմակայանի, ներդրումների առկայության ֆոնին, որոնք ենթադրում են, առնվազն, կշռադատված դաշնակցային հարաբերություններ: Ննան ստորաքարշության հետևանքով Հայաստանը դադարել է լինել գործոն` որպես պետություն, քանի որ Հայաստանին առնչվող ցանկացած հարց լուծելու համար բավական է, որ Կրեմլը, պարզապես, պայմանավորվի Սերժ Սարգսյանի հետ: