Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Al Jazeera հեռուստաընկերության հետ հարցազրույցում չի բացառել առաջիկա ընտրություններից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը:
Նշենք, որ սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանն անցավ կառավարման խորհրդարանական համակարգին, և առանցքային պաշտոնը հանրապետությունում 2018 թվականից դառնում է վարչապետի պաշտոնը: Պատասխանելով Al Jazeera-ի հարցին, թե արդյո՞ք ինքը մտադիր է ընտրություններից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը, Սերժ Սարգսյանը, մասնավորապես, հայտարարել է. «Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը: Դա նույնն է, երբ որ դեռևս ձուկը ջրում՝ մենք սկսենք խոսել նրա օգտագործման մասին: Ասելս ի՞նչ է՝ մենք հաջորդ տարի ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ, և որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա», - ասել է Սարգսյանը:
Սակայն, 2014 թվականի ապրիլին, երբ ՀՀ նախագահն արդեն նախաձեռնել էր սահմանադրական բարեփոխումների գործընթացը, երկրի Հիմնական օրենքի փոփոխությունների գծով աշխատանքային հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ընթացքում նա բառացիորեն ասել էր հետևյալը. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի՝ նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում», - ասել էր Սերժ Սարգսյանը:
Այդ հայտարարությունից հետո կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ Հանրապետական կուսակցության ակտիվի հետ զրույցում Սերժ Սարգսյանը հավաստել էր, որ չի հավակնի նաև խորհրդարանի խոսնակի պաշտոնին:
Սահմանադրական բարեփոխումների նախագիծը Հայաստանում ընդունվեց 2015 թվականի դեկտեմբերին: Հայաստանն անցավ խորհրդարանական կառավարման համակարգին: 2017 թվականի ապրիլին հանրապետությունում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Իսկ արդեն 2018 թվականի մայիսին Սերժ Սարգսյանը վայր կդնի երկրի նախագահի իր լիազորությունները:
↧