Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Գալուստ Սահակյանը համոզված է. Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կազմակերպվել է արտաքին ուժերի կողմից

$
0
0
Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համոզված է, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկչությունն իրականացվել է արտաքին ուժերի կողմից: Այդ մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ զրույցում:   Ահաբեկչության ընթացքում սպանված Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը, նույնպես չի բացառում արտաքին ուժերի կողմից ահաբեկչության կազմակերպման հնարավորությունը: ՙԱմեն դեպքում հանցագործությունը կատարվել է ներքին թշնամու ձեռքով՚,- ընդգծել է նա: Ըստ որում, նա ավելացրել է, որ հոկտեմբերի 27-ը պետությանը և ժողովրդին ողղված ծանրագույն հարված էր: ՙԵվ այդ հանցագործության հետևանքները դեռ չեն հաղթահարվել: Ամեն բան արվեց, որպեսզի այդ հանցագործությունը չբացահայտվի՚,- ընդգծել է նա:   ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը  հայտարարել է, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մանրամասները չեն բացահայտվի, քանի դեռ երկրում իշխանափոխություն տեղի չի ունեցել: ՙՆման հանցագործությունների բացահայտումն ազգային անվտանգության հարց է, քանի որ կարող է կանխել դրանց կրկնությունը՚,- նշել է նա: Ըստ որում, ընդդիմադիր գործիչն ավելացրել է, որ այդ հանցագործության պատվիրատուների բացահայտումը պետք է առաջնահերթ լինի իշխանությունների համար: ՙՍակայն, դա չարվեց թե երկրորդ նախագահի, թե երրորդ նախագահի կառավարման ժամանակ, ինչը վկայում է նրանց մեղսակցության մասին՚,- նշել է նա:   Նշենք, որ 17 տարի առաջ այս օրը Ազգային ժողովի  հերթական նիստին, երբ կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին, նիստերի դահլիճ ներխուժած ահաբեկիչների խումբը գնդակահարեց Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ևս 8 հոգի վիրավորվեց։   Ահաբեկչական խմբի կազմում էին նախկին լրագրող Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը և Աշոտ Կնյազյանը: 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին, Կարեն Հունանյանին, Էդիկ Գրիգորյանին, Վռամ Գալստյանին (2004 թվականին մահացել  կալանավայրում, ըստ պաշտոնական վարկածի` ինքնասպան է եղել), Դերենիկ Բեջանյանին և Աշոտ Կնյազյանին: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: (2010 թվի մայիսին նրա դիակը հայտնաբերվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իր անկողնում): Նրանք բոլորը մեղավոր են ճանաչվել հայրենիքին դավաճանության և ահաբեկչության համար:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles