Արմինֆո. Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը բարդ փուլում է, բայց ես այն չէի որակի որպես փակուղային: «Ազատության» հետ զրույցի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը ցավալի փաստ է որակել ադրբեջանական զինված ուժերի վերջին դիվերսիոն ներթափանցման փորձը: Զալբերը նշել է, որ գարնանն արձանագրված լարվածությունից հետո շփման գծում, ինչպես նաև միջպետական սահմանին իրավիճակը հարաբերականորեն հանգիստ էր: «Մենք հուսով ենք, որ այդ հանգիստ իրավիճակը կգերիշխի, քանի որ դա խաղաղ բանակցությունների երաշխիքներից մեկն է», - ասել է նա:
Անդրադառնալով բանակցային գործընթացում առկա իրավիճակին առնչվող հարցին` Հերբերտ Զալբերը հայտարարել է. «Անշուշտ, բանակցային գործընթացը բարդ փուլում է, բայց հաշվի առնելով մեր ունեցած տեղեկատվությունը, ես այն չէի որակի որպես փակուղային: Կարծում եմ, որ մարդիկ բանակցում են, 2 կողմերի ղեկավարները բանակցում են, ես նաև նկատել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրները բազմաթիվ ջանքեր են գործադրում, այնպես որ ես լավ պատճառներ ունեմ հավատալու, որ բանակցությունները շարունակվում են: Կարծում եմ՝ մենք պետք է տարբերակում դնենք ինքնին բանակցությունների և հրապարակային հայտարարությունների միջև, որոնք արվում են տարբեր նպատակներով»:
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե Բաքվին ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, թե ինքը չգիտի` որտեղից է այդպիսի պնդումը: «Ես չեմ կարող դա բացատրել, քանի որ որևէ մեկը որևէ բան ճանաչելու նպատակով ճնշումների տակ չէ»:
Միևնույն ժամանակ, Զալբերը խոստովանել է, որ տվյալ փուլում ծանոթ չէ սեղանին եղած առաջարկներին: «Դուք պետք է հարցնեք կողմերին, ովքեր ծանոթ են դրանց: Մենք՝ որպես Եվրամիություն, ծանոթ չենք: Մենք կարող ենք միայն խնդրել, որպեսզի մեզ տեղեկատվություն տրամադրեն: Ես հույս ունեմ, որ կողմերը մի օր կբացահայտեն, թե ի՞նչ առաջարկներ կան սեղանին և ի՞նչ է քննարկվել», - ասել է նա, «խոսակցություններ» որակելով, այսպես կոչված, «լավրովյան առաջարկները»: «Նոր առաջարկներ համանախագահողների՞ց՝ ես շատ ակնկալիքներ չունեմ: Ինչպես Դուք ճիշտ նկատեցիք, առաջարկները սեղանին են, դրանք քննարկվել են ամռանը, այդտեղ կասկած չկա, և ես վստահ եմ, որ եթե համանախագահները առաջիկայում այցելեն տարածաշրջան, այդ առաջարկները կքննարկվեն և գուցե նաև փոփոխվեն, բայց դա նրանցից է կախված», - հայտարրաել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
«Մենք հետևում ենք տարածաշրջանի խիստ ռազմականացմանը տասնամյակներ շարունակ, այնպես որ սա նորություն չէ: Մենք գիտենք, որ կողմերը ռազմական առումով անկասկած շատ լավ պատրաստված են, սա մի բան է, որը մենք պետք է հաշվի առնենք, երբ գնահատում ենք իրավիճակը տարածաշրջանում: Մենք ուզում ենք հուսալ, որ չնայած այսպիսի խիստ ռազմականացմանը, կարող ենք գտնել խնդրի խաղաղ լուծում, - ասել է
Զալբերը:
Անդրադառնալով Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում Թուրքիայի ներգրավմանն առնչվող հարցին` Հերբերտ Զալբերն ասել է. « Ես վստահ չեմ, արդյոք դա ճիշտ մոտեցում է: Խնդրի լուծումը պետք է գտնեն կողմերը, միայն դրանից հետո կարելի է տեսնել, թե ինչ կարող են անել մյուսները»:
↧
ԵՄ հատուկ ներկայացուցիչ. անակցային գործընթացը բարդ փուլում է, բայց ես այն չէի որակի որպես փակուղային
↧